Tert.am Life–ն առաջինն է իր ընթերցողներին հայտնել, որ ռեփեր, հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանն ու նկարչուհի Գոհար Պարույրյանը ծնողներ կդառնան։ Զույգն արդեն 5 տարի է` միասին է, սակայն հարաբերությունների մասին ո՛չ Ֆելիքսը, ո՛չ Գոհարը չեն խոսել։ Գոհարը բացառություն է արել Tert.am Life–ի համար և այս տարիների ընթացքում առաջին անգամ խոսել Ֆելիքսի հետ համատեղ կյանքի մասին։ Ի դեպ, Գոհարի հետ երեխա ունենալու մասին խոսելիս նա դեռ չգիտեր, որ բալիկի է սպասում։
–Գոհար, 5 տարի է` դու և Ֆելիքսը միասին եք, հիմա արդեն պատրա՞ստ եք երեխա ունենալ։
–Այո։ Երեխան կլինի մեր ամենամեծ ստեղծագործությունը։ Պետք է երկուսիս կյանքն էլ նվիրենք նրա դաստիրակությանը, որովհետև չենք ընդունում, երբ երեխա են ունենում ունենալու համար։ Չենք ուզում ուղղակի երեխա ունենալ, ուզում ենք ունենալ մեկը, որը կմեծանա և կդառնա կարևոր ինչ–որ մեկը։
–Առաջին հայացքից Ֆելիքսը բարդ և փակ մարդ է։ Քեզ համար բա՞րդ է իր հետ։
–Շատ բարդ է, միաժամանակ, շատ հեշտ։ Մի պատ ունի, որը եթե կարողանաս անցնել, հավերժ իր ընկերն ես, հարազատ մարդ։ Մեզ մոտ այդ պատը երբեք չի եղել, սակայն սկզբնական փուլում շատ ավելի դժվար էր, որովհետև չէի կարողանում հասկանալ` ինչ տեսակի մարդ է։
Ֆելիքսը ստեղծագործող մարդ է նաև առօրյայում։ Երբեք չի լինում նստի ու այլ տղամարդկանց պես ինչ–որ բան պահանջի։ Անընդհատ ստեղծագործական փնտրտուքի մեջ է։ Իրեն պետք է ճիշտ մոտենալ և չխանգարել։ Մենք համեմատում ենք, որ ինքն իմ ձյան փաթիլն է, իրեն պետք է այնպես պահեմ, որ չհալչի։ Հենց այդպես չեղավ, մենք իրար հետ չենք լինի, կնշանակի` ինչ–որ բան ես եմ սխալ արել, ինչ–որ բան` ինքը։
Մենք նույն կողմ ենք նայում, նույնն ենք։ Մեկ–մեկ Ֆելիքսն ասում է` այնքան նույնն ես դարձել, որ դու ես եմ, ես` դու։ Դա նաև երգում է ներառել։
–Իր համար է՞լ է նույնքան բարդ ու պատասխանատու քո մասին հոգ տանելը։
–Ինքն իմ մասին այնքան լավ է հոգ տանում։ Մարդիկ կարծում են, որ Ֆելիքսին ճանաչում են և մտածում են, որ ինքը սառը, վատ տղամարդ է, բայց ինքն ընդհանրապես այդպիսին չէ։ Ինքը լավագույն ամուսինն է։ Շատ ուշադիր է իմ հայացքից, անգամ, կարող է հասկանալ ամեն ինչ։ Կարիք չկա, որ ես իրեն ինչ–որ բառ ասեմ։ Միանգամից հասկանում է` ինչ է պետք։
Դա է պատճառը, որ 5 տարի է` մենք միասին ենք, որովհետև ինքը երբեք այդքան երկար հարաբերություններ չի ունեցել։ Իր ամենաերկար հարաբերությունները տևել են 2 տարի, թեև շուտով 40 տարեկան է դառնում։
–Հարաբերություններն ավելի շատ քո՞, թե՞ իր շնորհիվ են երկարատև ։
–Դա ավելի շատ իրար ճանաչելու շնորհիվ է։ Մենք այնքան նույնն ենք, որ եթե անգամ վիճում ենք, դա տևում է 15 րոպե, որովհետև չգիտենք` առանց իրար ինչ պետք է անենք։ Բաժանվել, նեղանալ, իրերը հավաքել գնալ հայրական տուն, մեզ մոտ չկա։ Ես չեմ հասկանում այդ ամենը։ Երբեք չի եղել, որ ինչ-որ բանից նեղվեմ, պահեմ մեջս. տեղում վիճում ենք, անցնում, գնում է։
–Իսկ ի՞նչը կարող է վեճի առարկա դառնալ ձեր ընտանիքում։
–Ամենաշատը, երբ ես իրեն խանդում եմ, բայց ես այդքան չեմ խանդում, որքան հոգ եմ տանում իր մասին, որովհետև Ֆելիքսը շատ բարի է` ի տարբերություն ինձ։ Նա մտածում է, որ բոլոր մարդիկ իր պես բարի են։ Նա շատ ավելի ներող է, համբերատար ու հասկացող։
–Ֆելիքսը չի՞ խանդում։
–Ֆելիքսն էլ է խանդում։
Եթե ասեմ, միշտ խանդում եմ, այդպես էլ չէ, որովհետև ես իրեն շատ լավ եմ ճանաչում։ Ինքը միասեր է, ինչպես ես։ Պարզապես ինչ–որ բաներ են լինում, որոնց մասին եթե չխոսենք, չքննարկենք, վաղուց բաժանված կլինեինք։ Մեզ ոչինչ չի խանգարում, որովհետև մի գծի վրա ենք։ Ինքն իմն է, ես` իրենը.
–«Կրկեսից» երգում շատ գեղեցիկ նկարագրում է ձեր հարաբերությունները։ Ի՞նչ առիթով է գրվել այն։ Քեզ համար որքանո՞վ էր կարևոր իր երգացանկում ունենալ քո երգը։
–2 տարի էր, ինչ միասին էինք, 1 տարին արդեն ապրում էի իրենց տանը, իսկ սկիզբը շատ դժվար է։ Կենցաղում իրար ճանաչելը բարդություններ ունի։ Այդ երգը նվիրեց ինձ, որ հանգիստ ապրեմ, որովհետև այդ ժամանակ շատ ավելի շատ էի խանդում, դեպրեսիաների մեջ էի ընկնում (ժպտում է, հեղ.)։
«Բանաստեղծությունը» նույնպես ինձ է նվիրված։ Հուլիսի 18-ին մեր ծանոթության օրն է։ Նախրորդ տարի Դիլիջանում նկարահանման էի (որպես նկարիչ–կոստյումեր Գոհարն աշխատում է ֆիլմերում)։ Առավոտյան արթնացա, ինձ լինկ էր ուղարկել։ Լսեցի… Միշտ հանելուկ է, թե ինքն ինչպես է կարողանում այդպիսի բաներ մտածել, գրել։ Իր գլխում լիքը փոքր Ֆելիքսներ են ապրում, երբեք չգիտես` հաջորդ պահին ինչ կասի, ինչ կուզի։
–Հանդիսատեսը երգերով ճանաչեց ուրիշ Ֆելիքս Խաչատրյանի…
–Իսկական Ֆելիքս Խաչատրյանին։ Եթերում ինքն այլ է։ Իրականում Ֆելիքսն այն է, ինչ իր երգերում է ցույց տալիս։ Իրականում նա շատ մարդասեր է։ Հիմա շատ ավելի բաց է, տարիների հետ փոխվում է։
–Ունի՞ երգեր, որոնք չի թողարկում։
–Առակներ ունի, որոնք «Գրակ» ալբոմից էին։ Նախ` դեռ աշխատանքային պրոցեսում է, երկրորդ` ասում է մի քիչ էլ է ժամանակ պետք, որ այդ երգերը ճիշտ հասկանան։ Դրանք մարդկային փոխհարաբերությունների մասին են, իր մտքերն են, որոնք դեռ չի ուզում բաժանել։
–Երգերը գրելիս խորհրդակցո՞ւմ է քեզ հետ։
–Ես նկարչուհի եմ, մեր սենյակն այնպես է դասավորված, որ երբ ինքը երգ է գրում, ես իր մեջքի հետևում նկարում եմ։ 2-3 ժամը մեկ. ես գնում, իրեն եմ լսում, ինքն իմ նկարներն է նայում, խորհրդակցում ենք։ Իրար երբեք չենք խանգարում, որովհետև ինձ իր երաժշտությունն է պետք, որ ստեղծագործեմ, իրեն էլ պետք է, որ պտտվի ու տեսնի, որ իր թիկունքում ինչ–որ բան եմ անում։
–Ֆելիքսին դժվար է պատկերացնել այդքան ռոմանտիկ։
–Ինքը շատ ռոմանտիկ է, դա հասկանալու համար պետք է իրեն լավ ճանաչել։ Շատ մարդիկ զարմանում են, որ ամենատարրական օրինակը` ինքը դուռը բացում է, ես եմ անցնում, հետո ինքը։ Իրեն նախկինում ճանաչող մարդիկ զարմանում են, բայց ինձ համար դա, ընդհանրապես, զարմանալի չէ։
Շատ կարևոր է, թե տղամարդու կողքի կինն իրեն ինչպես է պահում։ Ինքն ինձ գնահատում է, դրա համար ես ինձ միշտ գնահատված եմ զգում։
Նա շատ ավելի լավը, խորն ու հետաքրքիր է։ Մեր ընկերներն էլ հաճախ են ասում` մի 10 տարուց նոր հասկանալու են` Ֆելն ինչ է ասում` իր մտքերը, ներքին պայքարը։ Իր երգերը գրքերի պես են առաջին անգամ կարդում ես ու կինոյի պես պատկերացնում, երկրորդ անգամ կարդում ես, որ հասկանաս։
–Իր երգերի մասին դիտարկումներ անո՞ւմ ես, թե՞ աշխատում ես չմտնել այդ դաշտ, որովհետև դա իր տարածքն է։
–Ես էլ իմ իր ֆանատը։ Այն, ինչ անում է, իմ սրտով է ու ինձ հոգեհարազատ։ Ինքը միշտ անում է այնպիսի բաներ, որ ես հենց այդպես ուզում էի լիներ։ Իմ միակ դիտարկումն այն է, որ ցենզուրայից դուրս բառեր չօգտագործի, որովհետև իրենը մաքուր պոեզիա է։
–Շատերին թվում է, որ Ֆելիքսն ընտանիքի մարդ չէ, ավելի շատ սիրում է ազատ կյանք։
–Դա ընդհանրապես այդպես չէ։ Նա շատ ընտանիքի մարդ է, նվիրված ու հարգալից։ Դա հասկանում ես, երբ տեսնում ես իր հարաբերությունները ընտանիքի մյուս անդամների հետ։ Ինքը շատ դաստիարակված տղամարդ է։ Ամեն ինչի չափն ու ձևը գիտի։ Ինձ թվում է, որ բոլոր երիտասարդների կյանքում էլ լինում են փուլեր, երբ դրսի կյանքն ավելի է հետաքրքրում։ Մեզ մոտ այդ ժամանակն արդեն ավարտին է հասնում։ Իմ բախտը շատ է բերել, որ հանդիպել եմ իրեն։
–Դու և Ֆելիքսն ապրում եք իր հայրակա՞ն տանը, թե՞ առանձին։
–Չորսուկես տարի է` ապրում ենք իր հայրական տանը` մայրիկի, եղբոր ու նրա կնոջ, կրտսեր եղբոր, հուսով եմ, շուտով նաև նրա կնոջ հետ (Ֆելիքս կրտսեր եղբայրն ընկերություն է անում երգչուհի Մարտա Կիրակոսյանի հետ)։ Մեծ ընտանիք ունենք ահավոր ուրախ է ու հետաքրքիր։ Մեր ընտանիքներն էլ մեզ սատարում են, հասկանում և դիմանում են։ Երկուսս էլ երջանիկ մարդ ենք։
–Մեր նախորդ հարցազրույցում Ֆելիքսն ասել էր, որ ձեր հարսանիքն առջևում է, սակայն արդեն 4 տարի է միասին եք ապրում։
–Մենք պայմանավորվել ենք, որ երեխա կունենանք, նոր հարսանիք կանենք։ Մենք հարսանիք չենք արել, ուղղակի 4 տարի առաջ` ծննդյանս օրը, մատանիներով փոխանակվեցինք և սկսեցինք միասին ապրե