Ամանորյա տոներին սննդային թունավորումների թիվը կտրուկ աճում է։ Ինչպե՞ս կարելի է խուսափել դրանից։ Ո՞ր մթերքները ցանկալի չէ գնել։
Պատրաստի աղցաններ
Խանութներից պատրաստի աղցաններ գնելը բավականին ռիսկային է։ Հաճախ խանութներում աղցանները պատրաստում են ոչ թարմ մթերքներից, այլ այն մթերքներից, որոնց պահպանման ժամկետը լրանում է։ Բացի այդ, շատ հաճախ նոր պատրաստված աղցանները խառնում են հին պատրաստածների հետ, որ մնացածը չթափեն։ Համեմունքների մեծ քանակության պատճառով դուք կարող եք չզգալ, որ աղցանի հետ ինչ-որ բան այն չէ, սակայն դրանից անվտանգ այն չի դառնում։
Եթե աղցան եք ցանկանում, պատրաստեք այն ինքներդ՝ թարմ մթերքներից։
Ապուխտի եւ երշիկի կտորներ
Շատ խանութներում կտրում եւ գեղեցիկ փաթեթավորում են երշիկն ու ապուխտը, որոնց ժամկետն արդեն սպառվել է կամ սպառվում է, այդպիսով՝ ցանկանալով այն արագորեն վաճառել։ Ավելին, կտրատելու համար նրանք օգտագործում են սարքավորումներ եւ դանակներ, որոնք կարող են ամբողջ օրը չլվանալ, հատկապես ամանորյա տոներից առաջ, երբ հաճախորդներն ու աշխատանքը խանութում շատ է։
Եթե չեք ցանկանում Ամանորը հիվանդանոցում կամ անկողնում անցկացնել, մի գնեք կտրատած մսամթերք։
Աղանդերներ
Հարած սերուցքով կամ թթվասերային կրեմով տորթերն ու թխվածքները սառնարանում կարող են պահպանվել ընդամենը 6 ժամ։ Եփած կամ կաթնաշոռային կրեմով քաղցրավենիքները սառը տեղում կարող եք պահպանել մինչեւ 18 ժամ։ Սպիտակուցային կրեմները կարելի է պահել 72 ժամից ոչ ավելի։
Ամանորին աղանդերնեը ամենավտանգավոր մթերքներից են․ քաղցրավենիքներում մանրէները շատ հարմարավետ զարգանում եւ բազմանում են, ուստի պատրաստի քաղցրեղեն ավելի լավ է չգնել, իսկ եթե աղանդերները պատրաստել եք տանը, մի պահեք այն շատ երկար։
Աղբյուրը ՝ News.am