Ռեստորանների միությունը շարունակում է բարձրաձայնել իրենց խնդիրների մասին՝ պահանջելով վերանայել նախորդ կառավարության ժամանակ ընդունած Հարկային օրենսգիրքը:
Analitik.am-ի հետ զրույցում ռեստորանների միության համակարգող Աշոտ Բարսեղյանն ասաց, որ ռեստորանների վրա հարկային բեռի ավելացում է սահմանվել՝ մոտ 5-6 անգամ, ինչն արդեն իսկ հանգեցրել է սպասարկման գների բարձրացման. «Բայց սա դեռ ամենը չէ։ Օրենսգրքով նախատեսված է, որ այժմ սահմանված 6 տոկոս շրջանառության հարկը 2019-ին ավելանալու է 2 տոկոսով՝ դառնալով 8 տոկոս, իսկ 2020-ին ևս 2 տոկոսով։ Այսինքն՝ 2 տարի անց ռեստորանները ստիպված կլինեն վճարել արդեն 10 տոկոս շրջանառության հարկ»։ Այս դրույթի փոփոխման ու հարկային բեռի հետագա ավելացումը կանխելու նպատակով բազմիցս դիմել են կառավարություն, ՊԵԿ, ֆինանսների նախարարություն, բայց սպառիչ պատասխան չեն ստացել. «Արդեն տարի ու կես է կառավարության հետ փորձում ենք համաձայնության գալ, բայց անօգուտ: ՊԵԿ գործողությունները կտրված են իրականությունից, հեռու են բիզնեսի շահերից, ծնում են բազմակի դժգոհության առիթներ, որովհետև նման գործելաոճով նվազելու է ներքին սպառումը: Բազմիցս դիմել ենք ներկա իշխանություններին, բայց նրանք վստահ են, որ իրենց թվերը ճիշտ են, սակայն բազմիցս ապացուցել ենք, որ այս ոլորտում այդքան եկամուտ չի գոյանում»:
Բարսեղյանը նաև նշեց, որ եթե այս հարցի վերաբերյալ նոր իշխանությունների հետ քննարկումներ և համաձայնություն չլինեն, բոլոր ռեստորանները, նախնական զգուշացումով, մեկ օրով կփակեն իրենց դռները` ի նշան անհամաձայնության նոր հարկային համակարգի հետ. «Մեր որոշումը բացարձակ զերծ է քաղաքական երանգներից և արտահայտում է միայն բիզնես շահեր ու տնտեսության բնականոն զարգացման վտանգի ահազանգ»: