Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանի կողմից սահմանվել է անվանական 10 կրթաթոշակ` Հայ-ռուսական համալսարանում, Երևանի պետական համալսարանում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում սովորող գերազանց առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին խրախուսելու համար: Նշված համալսարաններից յուրաքանչյուրին կհատկացվի անվանական երկուական կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակներից յուրաքանչյուրի ամսական չափը կազմում է 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ` ուսումնական տարվա 10 ամիսների համար: Այդ անվանական կրթաթոշակները ոչ միայն նյութական օժանդակություն են ուսանողներին, այլև նրանց աշխատանքի գնահատում, որը խթան կհանդիսանա գիտելիքների հարստացման, աճելու և զարգանալու գործընթացներում:
Արա Աբրահամյանի ծնողների անունը կրող «Արշավիր և Պայծառ» բարեգործական հիմնադրամն արդեն համապատասխան նամակներ է ուղարկել վերոնշյալ բուհերի ղեկավարություններին, կրթաթոշակների տրամադրման պայմանների վերաբերյալ նրանց առաջարկությունները ստանալու նպատակով:
«Արշավիր և Պայծառ» բարեգործական հիմնադրամն առաջարկում էկրթաթոշակների հավակնող ուսանողների թեկնածությունները քննարկելու ժամանակ առաջնահերթությունը տալ սոցիալապես խոցելի ընտանիքներից, ՀՀ մարզերից և, հատկապես, սահմանամերձ համայնքներից բուհում սովորող ուսանողներին:
Բուհերի կողմից համապատասխան ընթացակարգերի արագ իրականացման դեպքում կրթաթոշակները կտրամադրվեն արդեն 2019 թվականից:
Աղբյուրը ՝ Vesti.am