Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կոչ է անում «Կենտրոն» հեռուստաընկերության ղեկավարությանը.

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը իր մտահոգությունն է հայտնում «Կենտրոն»
հեռուստաընկերության կողմից հետընտրական շրջանում իրականացվող խմբագրական և
եթերային քաղաքականության որոշ դրսևորումների կապակցությամբ:

 

Տարածած հայտարարության մեջ ասված է. «Դեկտեմբերի 10-17-ն ընկած ժամանակահատվածում հեռուստաընկերության մի շարք հաղորդումներ, հատկապես` «Էպիկենտրոն» և «Անդրադարձ» տեղեկատվական ծրագրերը հետևղականորեն և անթաքույց թիրախավորել են գործող քաղաքական ուժերից մեկին, օգտագործելով քարոզչական և մանիպուլյատիվ հնարքների հարուստ զինանոցը:

Հանձնաժողովը հիշեցնում է, որ հանրային թվային տիրույթում գործելու լիցենզիա ստացած
հեռուստաընկերությունները պարտավորություն են ստանձնել արտացոլել հանրային շահերի
բազմազանությունը, ապահովել գաղափարների և կարծիքների, անկողմնակալ
տեղեկատվության ազատ շրջանառությունը՛ պահպանելով լրագրողական էթիկայի
կանոնները:

Հանձնաժողովի կողմից իրականացվող մշտադիտարկման տվյալները նաև ցույց են տալիս, որ
վտանգված է օրենսդրությամբ երաշխավորված «Կենտրոն» հեռուստաընկերության
խմբագրական անկախության և ազատ գործելու իրավունքը, ակներև զգացվում է քաղաքական
մեկ ուժի և նրա ղեկավարի միջամտությունն ու թելադրանքը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կոչ է անում «Կենտրոն»
հեռուստաընկերության ղեկավարությանը պահպանել լրագրողական էթիկայի կանոնները,
չվերածվել մեկ կուսակցության քարոզչական հարթակի և «միջկուսակցական պատերազմների»
կողմնակալ մասնակցի, մնալ անաչառ տեղեկատվության և նորությունների հեղինակավոր
աղբյուր:

Հանձնաժողովը համոզված է, որ Հայաստանի յուրաքանչյուր վերգետնյա հեռարձակող
գիտակցում է իր սոցիալական պատասխանատվությունը, որը վեր է կուսակցական և
անձնական շահերից»։

Comments (0)
Add Comment