Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ցավով նկատում է, որ Հայաստանում այսօր չկա այն հիմքը, որի վրա պետք է կառուցվեն ապագա ֆուտբոլային հաջողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում Արթուր Վանեցյանն ընդգծել է, որ հասարակության մեջ մի պատկերացում կա, որ ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքը գնահատում են բացառապես ազգային հավաքականի խաղերի արդյունքներով: «Երբ Հայաստանի ազգային հավաքականը Ջիբրալթարից պարտություն կրեց, ես դարձել էի ամենամերժված մարդը հասարակության կողմից: Հետո եղավ Մակեդոնիայի դեմ խաղը, Հայաստանի հավաքականը հաղթեց, ես դուրս եկա մարզադաշտից և բոլորը՝ շուրջ 10 հազար մարդ, իմ անունն էր վանկարկում»,- ասել է Վանեցյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ներկայացրել է հայկական ֆուտբոլը զարգացնելու իր տեսլականը: «Այսօր մենք խնդիր ունենք Հայաստանում զարգացնել մանկապատանեկան և մասսայական ֆուտբոլը՝ այսինքն, ֆուտբոլ խաղան որքան հնարավոր է շատ երեխաներ: Դրա համար պետք են դաշտեր, գնդակներ և ամենակարևորը՝ մարզիչներ: Ես այցելել եմ Ցյուրիխ, որտեղ հանդիպում եմ ունեցել ՖԻՖԱ-ի նախագահի հետ, Դուբլինում վերջերս հանդիպում կայացավ ՈՒԵՖԱ-ի նախագահի հետ, և մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որպեսզի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային որոշակի ֆինանսական աջակցություն ապահովեն, որ մենք կարողանանք փոքր դաշտեր կառուցել: Մեր նպատակն է առաջիկա 5 տարում Հայաստանում շուրջ 700 փոքր դաշտ կառուցել: 2019թ. մենք Վայոց Ձորի մարզում կառուցելու ենք 12 փոքր դաշտ, կառուցելու ենք Եղեգնաձորի մարզադաշտը, կառուցելու ենք ֆուտբոլի դպրոց Մարտունիում, կառուցում ենք ֆուտբոլի դպրոց Սիսիանում, Արմավիրում, Էջմիածնում»,- մանրամասնել է Արթուր Վանեցյանը:
Նա նաև հայտնել է, որ ծանր բանակցությունների արդյունքում հաջողվել է Հայաստան հրավիրել լեգենդար ֆուտբոլային մասնագետի: «Ես նրա անունը հիմա չեմ կարող ասել, հիմա իմ ֆուտբոլային կոլեգաները նստած, շունչները պահած սպասում են՝ կասեմ, թե՞ չեմ ասի: Ես պայմանագրի համաձայն՝ չեմ կարող նրա անունն ասել: Հունվարի 6-ին միայն կկարողանամ նրա անունը հնչեցնել: Նա ֆուտբոլային աշխարհում լեգենդար մարդ է, ով համաձայնվել է գալ, բնակվել Հայաստանում և մարզել մեր մարզիչներին, գրել ֆուտբոլի զարգացման ծրագիր: Այն երկիրը, որտեղ վերջին 20 տարիներին նա աշխատել է, այդ երկիրն այսօր ֆուտբոլային քարտեզում առաջատար դիրք է՝ գրավում: Այդ մարդն ունեցել է 9 աշխարհի չեմպիոն, 6 Եվրոպայի չեմպիոն, այսօրվա ֆուտբոլային աստղերի մեծ մասը եղել են անձամբ իր սաները: Նա միշտ մարզել է երիտասարդական ազգային հավաքականներ: Մենք բերելու ենք մարդ, ով գրելու է մեր ֆուտբոլի զարգացման ծրագիրը և հիմք է դնելու լուրջ ֆուտբոլային հաջողությունների: Չեմ կարող ասել, թե ինչքան ուրախալի է դա ինձ համար, որովհետև ոչ ոք չէր հավատում, որ մենք կարող ենք նրան Հայաստան հրավիրել»,-նշել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:
Վանեցյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնականն է իսպանացի մասնագետ, ով երկար տարիներ եղել է Իսպանիայի ազգային հավաքականի, Մադրիդի «Ռեալ»-ի ֆիզպատրաստության մարզիչը: ՀՖՖ նախագահը նաև շեշտել է, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը օր ու գիշեր աշխատում է, որպեսզի մեր հավաքականն ունենա հաջողություններ: Արթուր Վանեցյանը վստահություն է հայտնել, որ հայկական ֆուտբոլն ունենալու է փայլուն ապագա: