Ֆեյսբուքյան ուղիղ եթերում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ելույթ ունեցավ, ինչպես ինքն էր մեկնաբանել՝ ի պատասխան Գագիկ Ծառուկյանի կողմից սանձազերծված հակաքարոզչությանը:
«Դուք, ում ասես, հանել եք մեզ վրա, որ մենք իրանց հարվածենք, բայց ես ուրիշների ետևում թաքնվողը չեմ, կմաշենք ձեզ, այնքան երկար կպայքարենք, որ կմաշեք:
Դուք 2017 թվականին եկաք ընտրության, կլանեցիք «Ելք»-ի ընտրող ուժը և եթե դա չանեիք, մենք կլինեինք երկրորդ ուժը ու չենք թողնի՝ Սերժ Սարգսյանը իր շուրջն ստեղծի այս բուֆերային ուժը: Հիմա դուք եկաք ու դարձաք երկրորդ ուժը ու նեղանում եք, որ ձեզ ասում ենք՝ ինչ եք արել երկրորդ ուժը լինելով… Ապրիլի 17-ին ո՞ւր էիք, երբ որ ԱԺ-ում Սերժ Սարգսյան ընտրեցին»,- հիշեցրեց Էդմոն Մարուքյանը:
«Ձեր ֆեյքերը գրում են՝ սրանք ծախվել են, Միշիկի մարդիկ են: Որեմն լսեք՝ ոչ Միշիկը, ոչ Սաշիկը, ոչ Սերժիկը մեզ չի օգնել, չի օգնում ու չի կարա օգնի:
Միշիկը մեզնից չի կարա փողերը հետ ուզի, բայց այ Ռոբերտ Քոչարյանը ձեր կուսակցության հիմնադիրը, ձեր նկատմամբ պահանջներ ունի, փողերն էլ է հետ ուզում, որովհետև իրա շնորհիվ եք ստեղծվել: Բայց ինչ եք անում էդ մարդու համար, ոնց որ 2015 թվականին եք ժողովրդին լքել, տենց էլ էդ մարդուն եք լքում:
Կամ ասում եք՝ ձեր կուսակցության պապաները… Մենք պապա չունենք, որբ չենք, բայց պապա էլ չունենք…
Ընտրությունները պրծել են, նո՞ր եք հակաքարոզ անում, չնայած ընտրություններին էլ էիք անում: Ձեր ախրանիկին չդնեիք Աբովյանում, երրորդ տողում էիք լինելու:
Ձեր պատգամավորներին ստիպում եք՝ օրը մի կեղտ գրեն Մարուքյանի հասցեին, բա էդ տղերքը մեղք չեն, սաղի հետ ճամփա ենք գնացել, հաց ենք կիսել գործուղումներին, ոնց են աչքերիս նայելու:
Դեբատից դժգոհ եք՝ եկեք մի հատ էլ դեբատ կազմակերպենք, բոլորին պատմեք՝ ոնց եք ֆորմաներ ստացել Մարտի 1-ի ժամանակ…
Ստիպված եմ կասկածի տակ դնել ձեր ներդրումներն այլ երկրներում՝ 3 հատ նամակ 3 երկիր ուղարկեմ՝ սկսվում են ստուգումները: Էնքան ձեր վրա նյութեր կան, քրեական գործերից ով խոսա-խոսա, դուք մի խոսացեք: Սպասում ենք ընտրություններն ավարտվի, նոր ձեզնով զբաղվենք, դուք ումից եք լավը՝ Մարտի մեկից գործով դուք էլ ձեր մեղքի բաժինն ունեք: Ձեռքներդ մտցրել եք մեղվի փեթակի մեջ ու խառնել եք փեթակը՝ անիմաստ:
Մաշելու ենք: Ե՞ս շատ կորցնելու բան ունեմ, թե՞ դուք:
Մտել եք արդեն մարդկանց անձնական դաշտ՝ թե բա ցերեկով ման չգաք: Փողով ուզում եք ինձ խեղդե՞ք, ա չեք կարա, պրոստը չեք կարա:
Հին Հայաստանի ձեր բարքերի հետ չխառնեք, իմ կուսակցության ամեն անդամի համար կռիվ եմ տալու»:
Վերջում նա դիմեց քաղաքացիներին. «Մեզ պաշտպանեք, սիրելի քաղաքացիներ, որովհետև մենք ձեզ ու Հայաստանի համար ենք պայքարում: Ու առհասարակ, Գագիկ Ծառուկյան, մեր օրակարգում դուք չկաք, մեր բան ու գործը դուք չեք: Դուք նախ մի հատ կողմնորոշվեք՝ ընդդիմություն եք, ինչ եք, կարա՞ք հոդաբաշխ ձևով բացատրեք՝ ի՞նչ կարաք անեք»: