Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, արտահերթ խորհրդարանական ընտրություններ են:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 9 կուսակցություն: Խորհրդարանական մրցապայքարի մասնակից ուժերն ու ցուցակի առաջին համարներն են՝
«Իմ քայլը» դաշինք-Նիկոլ Փաշինյան,
«Մենք» դաշինք-Արամ Սարգսյան և Խաչատուր Քոքոբելյան,
«Ազգային առաջընթաց» կուսակցություն-Լուսինե Հարոյան,
«Բարգավաճ Հայաստան»-Գագիկ Ծառուկյան,
«Լուսավոր Հայաստան»-Էդմոն Մարուքյան,
«Հայ յեղափոխական դաշնակցություն»-Արմեն Ռուստամյան,
«Հայաստանի Հանրապետական»-Վիգեն Սարգսյան,
«Սասնա ծռեր»-Վարուժան Ավետիսյան,
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական -Սուրեն Սահակյան,
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»-Լևոն Շիրինյան,
«Օրինաց երկիր»-Արթուր Բաղդասարյան:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի 13 ընտրատարածքներում կա 2010 ընտրատեղամաս: ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 574 916 ընտրող: Ընտրություններին մասնակցող կուսակցություների համար անցողիկ շեմ է 5, դաշինքների համար՝ 7 %-ը։
Արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել են 70 տեղական և 32 միջազգային լրատվամիջոցներ: Դիտորդական առաքելություն իրականացնելու է 22 տեղական հասարակական կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրը հավատարմագրել է երկու տասնյակից ավելի դիտորդներ:
Միջազգային դիտորդական առաքելություն են իրականացնելու հետևյալ կազմակերպությունները. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ, ԱՊՀ դիտորդական առաքելություն, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, Եվրոպական խորհրդարան, SILBA (Ազատության և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն) և ENEMO (Ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց)։
Աղբյուրը ՝ Lurer.com