Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 30 տարի

Հայաստանում 30 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝  էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

 

.

Պատճառված վնասները

Սպիտակի երկրաշարժը պատկանում է այսպես կոչված լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը: Տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր:

 

 

Անօթեւան մնաց 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ մոտ 20 հազարը, զոհերի թիվը կազմեց 25 հազար: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝մոտ 15-17 հազար եւ Սպիտակում՝ 4 հազար մարդ:

 

 

Ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, դադարեց գործել 100-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս  հասավ նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին:

 

 

Աշխարհը Հայաստանի կողքին էր

Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը, սակայն խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակասը: Երկրաշարժից հետո Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողովը՝  ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարությամբ։ Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։ Հայաստան էին տեղափոխվում դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և այլ պարագաներ։ 1989 թվականին աղետի գոտում աշխատում էին Խորհրդային Միության տարբեր շրջաններից ժամանած ավելի քան 40 հազար մասնագետներ, զինծառայողներ։ Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին:

 

 

 

 

 

Երկրաշարժի առաջին ժամերից Հայաստանի կողքին էր Սփյուռքը: Մեր հայրենակիցները բազմաթիվ նախաձեռնությունների շրջանակում, անհատապես իրենց օգնությունն էին առաջարկում: Նրանց կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ։ Բազմաթիվ սփյուռքահայ  մասնագետներ շտապեցին Հայաստան՝ բժիշկներ, հոգեբաններ, շինարարներ, ճարտարապետներ, մնացին այստեղ և մասնակցեցին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։

 

Բնակարանաշինություն

Սպիտակի երկրաշարժի հետևանքով տարբեր ծրագրերի շրջանակում լուծվել է անօթևան մնացած 66 հազար 400 ընտանիքի բնակարանային խնդիրը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը նշեց, որ պետական ծրագիրը շարունակվում է, եթե քաղաքային հատվածներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած շահառուների բնակարանային հարցը լուծվել է, ապա գյուղական հատվածներում դեռ խնդիր  կա:

 

«Երկրաշարժից 20 տարի անց պետությունը բնակարանային ապահովման ծրագրի շահառու դառնալու համար հերթագրման վերջնաժամկետ սահմանեց, որի ընթացքում հաշվառման կանգնեց մոտ 7 հազար ընտանիք: Նրանց ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո շահառու ճանաչվեց մոտ 5 հազար 400 ընտանիք: 2008-2017 թվականների ընթացքում մոտ 65 մլրդ դրամի հաշվին լուծվել է  4 հազար 839 ընտանիքի բնակարանային խնդիր և դեռևս լուծված չէ 542 ընտանիքի խնդիր: Նրանք Լոռու, Շիրակի, Արագածոտնի գյուղական բնակավայրերում են»,-ասաց Տանյա Արզումանյանը:

 

2018 թվականին բյուջեով պետական ծրագրի համար նախատեսված է 460 մլն դրամ, որով Լոռու մարզի բնակավայրերում այն ընտանիքների բնակարանների խնդիրների կլուծվեն, ովքեր ունեն անավարտ կիսակառույց տներ և այդ տները կառուցապատողի սնանկացման պատճառով մնացել էին անավարտ: Առնվազն 44 ընտանիքի կիսակառույց տուն ավարտին կհասցվի:

Տանյա Արզումանյանը տեղեկացրեց, որ ևս 560 մլն դրամ նախատեսված է 2019 թվականի բյուջեով: Նախատեսված է, որ շահառուներին բնակարաններով ապահովելու ծրագիրը կավարտվի 2020 թվականին:

 

Կառավարության արտագնա նիստ, հիշատակի արարողություն

Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ Շիրակի մարզում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, որին մասնակցելու է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կմեկնարկի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստը, որի շրջանակներում գործադիրը կընդունի դեկտեմբերի 7-ը որպես «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր» հայտարարելու մասին որոշումը:

Կառավարության նիստից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և նրանց ուղեկցող պաշտոնատար անձինք կշարժվեն դեպի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Ժամը 11:41-ին 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի նույն ժամին կհնչեն եկեղեցու զանգերը: Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից կմատուցվի հոգեհանգստի կարգ։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը հանդես կգա ուղերձով։ Ելույթ կունենա ԱՄՆ Կանզասի նահանգապետ Ջեֆ Քոլյերը:

Գյումրիի Բուլվարային թաղամասի Գործարանային փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ցուցադրական վարժանքի իրականացման տարածքում նախատեսված է ԱԻՆ Փրկարար ծառայության ուժերի ցուցադրական վարժանք: Վարժանքի ավարտից հետո պաշտոնատար անձինք կծանոթանան վարժանքի տարածքում ծավալված վրանային ավանին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և մյուս հյուրերը կմասնակցեն նաև թեթև արդյունաբերական ձեռնարկության բացմանը:

Գյումրու Սև բերդում կանցկացվի մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Այն նախաձեռնել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ծրագրում կհնչի Մոցարտի «Ռեքվիեմ»-ը:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով երկօրյա համաժողով: Այն կհյուրընկալի ոլորտով հետաքրքրված ավելի քան 200 երիտասարդի՝ ՀՀ բոլոր մարզերից: Համաժողովին ներկա կլինեն և ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Comments (0)
Add Comment