Մարիինյան թատրոնում կկայանա համերգ՝ նվիրված Սպիտակի մեծ երկրաշարժի 30-րդ տարելիցին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը դեկտեմբերի 1-ին ելույթ է ունեցել աշխարհի հանրահայտ բեմերից մեկում՝ Նյու Յորքի հռչակավար Քարնեգի հոլում, համերգասրահ, որտեղ բեմ բարձրանալը շատ երաժիշտների, դիրիժորների, նվագախմբերի երազանքն է։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ մաեստրո Սմբատյանի ղեկավարությամբ հանդես են եկել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը և դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, Deutsche Grammophon-ի արտիստ Ինգոլֆ Վունդերը։ Համերգը կայացել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի 50-ամյա հոբելյանին նվիրված միջազգային շրջագայության շրջանակներում։ Ի դեպ, նյույորքյան երաժշտասերները մեծ հետաքրքրությամբ էին սպասում այս երեկոյին. Քարնեգի հոլում կայացած համերգի տոմսերն օրեր առաջ արդեն սպառվել էին։ Ունկնդիրը հոտնկայս ու բուռն ծափահարություններով է ընդունել մալթացի կոմպոզիտորներ Ալեքսեյ Շորի, Յոզեֆ Վելլայի, ռուս մեծ կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունների կատարումները։ Տեղեկացնենք, որ սա Սերգեյ Սմբատյանի երկրորդ բեմելն էր Քարնեգի հոլում. առաջին անգամ նա այս հռչակավոր հարթակում ելույթ է ունեցել 2015 թվականին՝ ղեկավարելով Կորեայի կամերային նվագախումբը։ Մաեստրո Սմբատյանն ամենաերիտասարդ հայ դիրիժորն է, որ հանդես է եկել Քարնեգի հոլում։

Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի միջազգային համերգային շրջագայությունը կյանքի է կոչվել Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը Միացյալ Նահանգներից կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հանդես կգա երկու համերգով՝ դեկտեմբերի 5-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում և դեկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում։ Դեկտեմբերի 7-ի համերգը նվիրված է Սպիտակի մեծ երկրաշարժի 30-րդ տարելիցին։

 

Աղբյուրը ՝ Life Panarama.am

Comments (0)
Add Comment