Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր գեղարվեստական ղեկավարի եւ թատրոնում ստեղծված լարված վիճակի մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Դեկտեմբերի 1-ից համազգայինի դերասաններն անժամկետ գործադուլ են հայտարարել՝ պահանջով, որ թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը հեռանա թատրոնից եւ գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի պաշտոնները զբաղեցնեն իրենց թեկնածուները՝ Նարինե Գրիգորյանն ու Արման Նավասարդյանը: Վերջինս Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է, նա խոսել է թատրոնում ստեղծված լարված վիճակի, Սուրեն Շահվերդյանի հայտարարության, ըստ որի իր հետ աշխատել չցանկացող դերասանները կարող են հեռանալ թատրոնից, եւ դերասանական կազմի ծրագրերի մասին:
«Նախ պետք է շեշտել, որ մեր գործադուլն ու բողոքը ուղղված է Վիգեն Չալդրանյանին, մենք Սուրեն Շահվերդյանի դեմ ոչինչ չունենք, նա Վ. Չալդրանյանի նշանակած մարդն է, նա ինքնակամ որոշման արդյունքում է նշանակվել, հետեւաբար դեմ ենք նաեւ Վիգեն Չալդրանյանի ինքնակամ որոշումներին ու Սուրեն Շահվերդյանին չենք ընդունում՝ որպես մեզ ղեկավար: Վ. Չալդրանյանը հետաքրքիր քայլ արեց՝ նա կամայական նշանակեց մեկին, որպեսզի իր նկատմամբ բողոքը թուլացնի՝ չպատկերացնելով, որ մենք միամիտ չենք»,- նշեց նա:
Արման Նավասարդայնը շեշտեց, որ ստեղծագործական խմբի միահամուռ ցանկությունն է իրեն տեսնել տնօրենի, իսկ Նարինե Գրիոգրյանին՝ գեղարվեստական ղեկավարի պաշտոնում:
«Մենք չենք ինքնաառաջադրվել: Մենք երկուսս էլ զբաղված դերասաններ ենք, բայց պատրաստ ենք մեր զբաղվածությունը պակասեցնել, հրաժարվել շատ առաջարկներից՝ հանուն մեր թատրոնի ապագայի ու վերակառուցման»,- նկատեց նա:
Դիտարկմանը, որ Սուրեն Շահվերդյանը հայտարարել է, որ իր հետ աշխատել չցանկացող դերասանները կարող են դուրս գալ թատրոնից, եւ նա պատրաստ է նոր խումբ հավաքել, Արման Նավասարդյանը պատասխանեց.
«Գիտեք, երկու կողմի անզիջում պայքարը լավ բանի չի հանգեցնի: Սակայն այս պարագայում նժարի մի կողմում մի ամբողջ դերասանական կազմ է, մյուս կողմում՝ Վիգեն Չալդրանյանը: Մենք Սուրեն Շահվերդյանի դեմ չենք պայքարում, որովհետեւ նա մեր թատրոնում կենսագրություն չունեցող մարդ է, ինչ վերաբերվում է նրան, որ նա հայտարարել է, թե դերասանները կարող են դուրս գալ թատրոնից, ապա ասեմ, որ սա մեր թատրոնն է, դուրս գալու ճանապարհներ թող նրանք փնտրեն եւ մենք էլ դրանք կարող ենք մատնանշել: Գիտեք, մենք՝ դերասաններս, շատ միասնական ենք, բայց մեկ էլ այսքան միահամուռ ենք եղել, երբ մահացավ Սոս Սարգսյանը: Մեր ընտանիքից ո՞վ կարող է մեզ հանել, մեկը, ով երեկ է նշանակվել ու գրիչ կարող է օգտագործել մեր վրա, է թող հանի, բա ուր կմնա հանրության վերաբերմունքը. Նրանք դա չեն մարսի, ես դա խոստանում եմ: Հրապարակավ ասում եմ, եթե նրանք ցանկություն ունեն թատրոն ստեղծել, թող գնան իրենցը հիմնեն, ինչպես դա արեց, օրինակ, Նարեկ Դուրյանը, ում շատ հարգում եմ: Փաստորեն՝ Վիգեն Չալդրանյանին հանելն ավելի դժվա՞ր է, քան մի ամբողջ աշխատակազմի ցանկությունը հաշվի առնե՞լը: Մենք ինչո՞ւ պետք է գնանք, չէ որ Վիգեն Չալդրանյանն է եկել մեզ մոտ աշխատելու, ոչ թե մենք՝ նրա մոտ»:
Համազգայինի դերասանները այս հարցով դիմել են նաեւ Մշակույթի նախարարությանը, Արման Նավասարդյանի խոսքով՝ ի տարբերություն նախկին նախարարի՝ Արմեն Ամիրյանի, Լիլիթ Մակունցը իրենց սիրով լսել է, սակայն այս շրջանում նա արձակուրդում է, իսկ փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաեւ Վիգեն Չալդրանյանը, փոխնախարարը հուշել է օրենքի այն կետի մասին, որ մեկ մարդը չի կարող լինել թատրոնի եւ տնօրեն, եւ գեղարվեստական ղեկավար: Հենց այդ հանդիպումից հետո էլ Վ. Չալդրանյանը հրաժարվեց գեղարվեստական ղեկավարի պաշտոնից՝ այն տալով Սուրեն Շահվերդյանին: Իսկ դերասանների գործադուլին մշակույթի նախարարությունը դեռեւս որեւէ կերպ չի արձագանքել:
«Մենք մեր գործադուլն ու անհնազանդության ակցիաները կդադարեցնենք, երբ մեր պահանջները կատարվեն, հակառակ դեպքում դրանք ավելի լայն բնույթ կկրեն: Մեզ Վիգեն Չալդրանյանը «դարանակալած գիշատիչներ» անվանեց, ուրեմն այդպիսին կմնանք մինչեւ վերջ: Կարծում եմ՝ խոհեմություն պետք է ունենալ եւ եթե քեզ մի տեղ չեն ընդունում, պետք է ուղղակի հեռանալ, թեկուզ վիրավորելով, բայց գնալ»,- ընդգծեց նա:
Արման Նավասարդյանը զրույցի վերջում նկատեց՝ գուցե Վիգեն Չալդրանյանին զարմացնի, որ ինքը եւս մասնակցում է դերասանների գործադուլին, քանի որ Վ. Չալդրանյանն իրեն շատ է համակրում:
«Պարադոքսալ բան եմ ասում՝ թատերախմբում Վիգեն Չալդրանյանը ինձ շատ-շատ է սիրել, անգամ մի անգամ բոլորի ներկայությամբ ասաց, որ իր բոլոր բեմադրություններում ես պետք է մասնակցություն ունենամ, ինչը ցանկացած դերասանի համար շոյիչ խոսքեր են: Բայց ես այդ ամենին պարզ բացատրություն ունեմ՝ ես միշտ իմ խմբի հետ եմ ու ատամներով եմ պաշտպանում թատրոնս, եւ չնայած Վիգեն Չալդրանյանը լավ բեմադրություններ է անում, բայց նա լավ ղեկավար չէ. Թատրոնը ղեկավարելը մի բան է, ներկայացում բեմադրելը՝ բոլորովին այլ: Գիտեք, մի անգամ Վիգեն Չալդրանյանին մի բան ասացի ու զգացի, որ նա շատ ազդվեց. Ասացի՝ պարոն Չալդրանյան, տեւական ժամանակ շաբաթը 2-3 անգամ գնում էի Սոս Սարգսյանի գերեզմանին, մենք զրուցում էինք իրար հետ, բայց արդեն երկար ժամանակ է՝ չեմ կարողանում գնալ նրա մոտ, որովհետեւ հիմա նա կհարցնի, որ թատրոնը կործանվում է, իսկ դու թեւերդ ծալած ոչինչ չես անում, իսկ ես պատասխան չեմ ունենա, խղճիս առաջ կտանջվեմ»,- ավարտեց մեր զրուցակիցը: