ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում հակադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին այն մասին, որ Ռ. Քոչարյանի որդիների ծառայությունն անցել է ոչ թե Ղարաբաղում՝ դիրքերում, այլ ուրիշ տարբերակով: Լեւոն Քոչարյանի գրառումն ու հրապարակած լուսանկարները ներկայացնում ենք ստորեւ.
«Այսօր լսեցի ինձ վերաբերող հերթական սուտը: Չեմ զարմանում, քանի որ շարունակվում է նույնը ինչը տարիներ շարունակ արվել է հայտնի օրաթերթի միջոցով: Օրինակները շատ են:
Մանկությունս անց եմ կացրել Ստեփանակերտում` ռմբակոծության տակ, նկուղներում, ինչպես և բոլորը ովքեր չեն լքել Արցախը այդ տարիներին:
Անկասկած, պատերազմի տարիները Արցախում անցկացրած հասակակիցներս կհամաձայնեն ինձ հետ, որ բոլորս երազում էինք մի օր կրել զինվորական համազգեստ և մասնակցել մարտերին:
Հիշում եմ, թե ինչպիսի ամոթանքների էին արժանանում այն չափահաս տղաները, ովքեր խուսափում էին մարտի գնալուց:
Կարծում եմ ոչ մեկ չի կասկածում, որ լինելով նախագահի որդի կարող էի շարունակել ուսումս մագիստրատուրայում, այնուհետև ասպիրանտուրայում և ոմանց պես օգտվելով օրենքից խուսափել ծառայությունից ու հետագայում մատ թափ տալ չծառայածների վրա:
Այդուհանդերձ որոշեցի անցնել ծառայության: Ազգային անվտանգության հատուկ նշանակության ջոկատում անցել եմ նախատեսված մարտական պատրաստվածության ծրագիրը: Գիշերել եմ ոչ միայն զորամասում, այլ նաև վրաններում` Փամբակի լեռներում: Չեմ թաքցնում, որ եղել է հատուկ ուշադրություն սպայական կազմի կողմից, որը ամենայն անկեղծությամբ հաճելի չէր:
Մինչ այժմ ունեմ ջերմ կապեր ծառայակից ընկերների հետ:
Ինչպես ծառայությունից առաջ այնպես էլ հետո և մինչև հիմա զբաղվում եմ սպորտով, սպորտի և առողջ ապրելակերպի զարգացմամբ: Կարծում եմ երիտասարդների բարձր ֆիզիկական պատրաստվածությունը բանակի մարտունակության կարևորագույն բաղադրիչներից է:
Միշտ հպարտ եմ զգացել ինձ հորս անցած ճանապարհի, պատերազմին մասնակցելու և առանցքային դերակատարություն ունենալու համար և ինքս էլ պատրաստ եմ ծառայել հայրենիքիս:
Խոնարհվում եմ բոլոր նրանց առջև ովքեր իրենց կյանքը զոհաբերել կամ վտանգի տակ են դրել հայրենիքի պաշտպանության համար:
Խաղաղ ծառայություն եմ մաղթում բոլորին»:
Հիշեցնենք, այսօր Նիկոլ Փաշինյանը Ճամբարակում անդրադարձավ իր այն հայտարարությանը, որը քննարկման առիթ էր դարձել: Ավելի վաղ նա Լոռու մարզում ասել էր. «Ես Հայաստանի միակ ղեկավարն եմ, որի որդին ծառայում է Ղարաբաղում»:
«Ասում են՝ վայ, նախընտրական շահարկում, Ռոբերտ Քոչարյանի որդիները… Ի՞նչ Ռոբերտ Քոչարյանի որդիները, ես պաշտոնական տեղեկանք եմ ուզել Ռոբերտ Քոչարյանի որդիների ծառայության վերաբերյալ, ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի որդիները ծառայել են Երեւանում: Ոչ մի գիշեր չեն անցկացրել որեւէ զորամասում, մի որդին ծառայել է ՊՆ վարչական մասում, մյուս որդին էլ ծառայել է որպես վարորդ, պետական ավտոն դրել են տակը, ուր ուզել՝ գնացել է, պետության ավտոյի ու բենզինի հաշվին եւ այլն: Էդ ինչի՞ եք ոգեւորվել: Եթե որեւէ մեկը իմ ասածը կասկածի տակ դնի՝ փաստերով կապացուցեմ, փաստաթուղթը հեռախոսիս մեջ է»,- ասաց նա:
Լեւոն Քոչարյանի այս պատասխանից հետո ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանը կհրապարակի իր նշած ապացույցները:
Աղբյուրը ՝ ARMTIMES.COM