Անորակ իմպլանտները, այդ թվում՝ սրտախթանիչներն ու կրծքի իմպլանտները, Մեծ Բրիտանիայում երեք տարվա ընթացքում սպանել են ավելի քան 1000 պացիենտների։ Այս մասին են վկայում հետազոտության արդյունքները, որոնք անցկացրել են Royal College of Surgeons-ի մասնագետները։
Տեղական կարգավորիչ մարմինները 2015-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում ստացել են ավելի քան 62 000 զեկույցներ այնպիսի սարքավորումների աշխատանքների խափանումների մասին, ինչպիսիք են՝ սրտախթանիչները, կոնքազդրային հոդի պրոթեզները, կրծքի իմպլանտները եւ նույնիսկ հակաբեղմնավորիչները։
Ամեն երրորդ դեպքում այդ բժշկական սարքավորումները պացիենտների համար լուրջ հետեւանքների են բերել, այդ թվում՝ 1004 մահվան դեպքի։ Փորձագետներն արդեն վաղուց նախազգուշացրել են, որ բժշկական սարքավորումների շուկան չափազանց վատ է կարգավորվում, հատկապես եթե համեմատենք այն դեղագործականի հետ։
Royal College of Surgeons-ի նախագահ, պրոֆեսոր Դերեկ Անդերսոնը գտնում է, որ այդպիսի վիճակագրությունից հետո անհրաժեշտ է կտրուկ փոփոխություններ կատարել այդ ուղղության կարգավորման ոլորտում։ Նա շեշտում է, որ հաճախ իմպլանտները տեղադրվում են պացիենտների մարմնում նույնիսկ առանց դրանց աշխատանքի անվտանգության կամ հուսալիության մեջ համոզվելու։
Նման բան ուղղակի անհնար է պատկերացնել սովորական դեղամիջոցների դեպքում, որոնք անցնում են ստուգման բազմաթիվ մակարդակներ սկսած լաբորատոր պայմաններում բջիջների եւ կենդանիների վրա փորձարկումներից մինչեւ մարդկանց համար անվտանգության ստուգումից։ Իմպլանտների մեծամասնությունը ի տարբերություն դեղամիջոցների նման ստուգումներ չեն անցնում։
Նախորդ տարի բրիտանական կառավարությունը կասեցրել է հատուկ վիրահատական ցանցերի օգտագործումը, որոնք տեղադրվում էին այն կանանց օրգանիզմում, որոնք տառապում էին անմիզապահությամբ։ Այն ժամանակ հայտնվել էր տեղեկություն, որ այդ ցանցը վտանգավոր է առողջության համար, բայց արդեն իսկ տեղադրվել էին ավելի քան 100 000 կնոջ օրգանիզմում։ 2010 թվականին կարգավորող մարմինները հետ են կանչել կոնքազդրային հոդերի մետաղական պորթեզների 2 տեսակ։
Աղբյուրը ՝ News.am