«Ախթամարը» ստացվեց: Սառույցի վրա ինձ զգում էի հայ ազգի մի մասնիկը. ասես՝ այս հողին միաձուլված հայուհի լինեի:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց օլիմպիական արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն, ռուսաստանցի գեղասահորդուհի Իրինա Սլուցկայան:
Նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ հայկական լեգենդի «Ախթամարի» սառցե ներկայացում-մյուզիքլը, որի գլխավոր դերում խաղում է Իրինա Սլուցկայան:
«Ախթամար» ներկայացում-մյուզիքլից հետո Իրինա Սլուցկայան պատմեց տպավորությունների, մտահղացման, աշխատանքների եւ արդյունքի մասին:
«Այսօր շատ բարդ օր էր, քանի որ վերջապես եկել էր ժամանակը ներկայացնել այն աշխատանքը, որին պատրաստվել էինք շատ երկար: Հայ հանդիսատեսը սպասում էր այս ներկայացմանը եւ բոլորիս համար հուզիչ էր այն, թե ինչպես կընդունվի, կընկալվի մեր ներկայացմամբ նոր կյանք ու շունչ ստացած այս լեգենդը: Կարծում եմ, եւ հայ հանդիսատեսի արձագանքից էլ հասկացա, որ «Ախթամարն» ընդունվեց, սիրվեց: Ահռելի մեծ աշխատանք էինք արել, բոլոր մասնակիցները սառույցի վրա լիարժեք աշխատեցին:
«Ախթամարով» կշրջագայենք, որպեսզի աշխարհի յուրաքանչյուր ծայրում գտնվող հայը տեսնի եւ եւս մեկ անգամ մեզ հետ վերապրի այս գեղեցիկ սիրո պատմությունը: Սկզբում ներկայացումը կշրջագայի բոլոր այն երկրներում, որտեղ մեծ հայկական համայնքներ կան, հետո արդեն քիչ համայնքներ ունեցողներում:
Շատ երկար ու բարդ ճանապարհ անցանք մեր ամբողջ ստեղծագործական թիմով այս ներկայացում-մյուզիքլը ստանալու համար: Ես ու մեր թիմը մի քանի անգամ եկանք Հայաստան, շրջեցինք, շփվում էի հայերի հետ, ուտում էի հայկական ուտելիք, որպեսզի հայկական ամեն ինչը խորությամբ «նստեր» իմ մեջ, եւ ես կարողանայի արդեն իմ սահքով, պարով եւ խաղով ճիշտ մատուցել հայ հանդիսատեսին: Ինձ այստեղ օգնության է գալիս հայկական անբացատրելի դուդուկը: Ես առաջին անգամ չեմ լսում դուդուկ, բայց ամեն անգամ, երբ լսում եմ դուդուկի առաջին հնչունները, հատկապես «Ախթամարի» համար գրված երաժշտության դուդուկի ելեւէջները, մարմինս փշաքաղվում է եւ ամեն անգամ կարծես առաջին անգամ լինի:
Ներկայացման պրեմիերան հաջողվեց: Հանդիսատեսը շատ զսպված էր, հուզմունքը տեսանելի չէր, բայց ես դա ընկալեցի որպես լարված սպասողականություն: Նկատեցի, որ մարդիկ ուշադիր հետեւում էին: Իսկ դա նշանակում է, որ մենք հետաքրքիր էինք, մեր ներկայացումը հասնում էր տեղ: Զգում էի, կարծես իմ արմատները հասնում են Հայաստանի հողի արմատներին, այնտեղ միաձուլվում եւ ձգվում մինչեւ Արտաշես Արքայի ժամանակաշրջան, այս լեգենդի ժամանակաշրջան: Եվ այդ զգացողությունն ինձ տալիս էր երաժշտությունը: Բեմականացումը եւ երաժշտությունն այնքան համահունչ էին մեր ապրումների հետ, որ ուզում էինք թռչել…
Ամբողջ ներկայացման ընթացքում շատ լարված էի ու հուզված, բայց այժմ արդեն հուզմունքս թոթափում եմ, բայց չեմ հանգստանում, քանի որ առջեւում ավելի բարդ ու ծանր աշխատանք է մեզ սպասվում՝ «Ախթամարի» համաշխարհային շրջագայությունն ու տարբեր երկրներում գտնվող հայերին այն ներկայացնելը»,- ասաց Իրինա Սլուցկայան:
Համաշխարհային շրջագայությունը կմեկնարկի դեկտեմբերի 1-ին Սանկտ Պետերբուրգում: Ռուսաստանում Սանկտ Պետերբուրգից հետո ներկայացում-մյուզիքլը կցուցադրվի Սոչիում, Կազանում, Վորոնեժում եւ մի շարք այլ քաղաքներում: 2019-ին «Ախթամարը» կշրջագայի Եվրոպայով՝ Վարշավա, Վերոնա, Փարիզ, ներկայացումը կհասնի մինչեւ ԱՄՆ: Համաշխարհային շրջագայությունը վերջին կանգառը Մոսկվան է 2019-ի ավարտին:
Աղբյուրը ՝ News.am