Բացվում է «Մանկական եվրատեսիլի» քվեարկությունը. ՀՀ-ից կարելի է ձայն տալ հայ մասնակցին

Բացվում է «Մանկական եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթի առցանց քվեարկությունը: Երաժշտասերները կարող են իրենց կարծիքն արտահայտել այսօրվանից՝ նոյեմբերի 23-ից, սկսած Երեւանի ժամանակով՝ ժամը 23:00-ից: Մասնակցել կարելի է այս հղմամբ՝ vote.junioreurovision.tv:

Մինչեւ քվեարկությունը հնարավոր կլինի հատվածներ դիտել մասնակիցների ելույթների փորձերից: Յուրաքանչյուր IP հասցեից կարելի է քվեարկել միայն 1 անգամ ընտրելով 3-5 մասնակցի։ Կարելի է ներառել նաեւ սեփական երկրի ներկայցուցչին. այսինքն՝ հայաստանաբնակները կարող են ձայն տալ L.E.V.O.N.-ին: Քվեարկությունը հասանելի կլինի մինչեւ եվրատեսիլյան համերգը եւ կվերաբացվի մասնակիցների ելույթներից անմիջապես հետո 15 րոպեով, եւ հնարավոր կլինի քվեարկել նաեւ 2-րդ անգամ:

Առցանց քվեարկության արդյունքները վերածվելու են միավորների: Դրանք գումարվելու են պրոֆեսիոնալ ժյուրի միավորներին: Այսինքն՝ ընտրությունը լինելու է միավորների 50/50 հարաբերակցությամբ:

«Մանկական եվրատեսիլ» 2018-ի եզրափակիչը կայանալու է նոյեմբերի 25-ին Մինսկում: Համերգը սկսվելու է Երեւանի ժամանակով՝ 19:00-ին: Կարելի է հետեւել Հանրային հեռուստաընկերության եթերով: L.E.V.O.N.-ը հանդես է գալու «L.E.V.O.N.» երգով: Նա մեկնել է նոյեմբերի 17-ին:

Բելառուսը 2-րդ անգամ է հյուրընկալում մրցույթը: Նախորդը եղել է 2010 թվականին, եւ հաղթել է Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով:

Աղբյուրը ՝ armtimes.com

Comments (0)
Add Comment