«Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը հանդես է եկել կոչով

«Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը հանդես է եկել կոչով, որն ուղղված է երկրպագուներին: Վանաձորյան ակումբի սեփականատերը նրանց հորդորում է լինել ավելի զուսպ, համբերատար և համախմբված:

«Վերջին շրջանում հարյուրավոր նամակներ ենք ստանում Հայաստանի առաջնությունում մրցավարության հետ կապված։ Անգամ հավաքականների դադարը չօգնեց, որպեսզի այդ հարցի շուրջ կրքերը հանդարտվեն։ Վերջին հանդիպումներում մենք ձեզ հետ ականատես եղանք մրցավարական մի շարք սխալների։ Շատ նամակներում և մեկնաբանություններում դուք նշում եք, որ դրանք միտումնավոր են, ուղղված են «Լոռիի» դեմ։

Հանդիսանալով ՀՖՖ գործկոմի անդամ, ՀՖՖ նախագահի խորհրդական՝ երաշխավորում եմ, որ երբևէ որևիցե միտում չի եղել և չի կարող լինել որևէ թիմի դեմ, առավել ևս` «Լոռիի»։ Հայկական ֆուտբոլում արդարության երաշխավորը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն է՝ նախագահի գլխավորությամբ։

Արդեն երկու մրցաշրջան Հայաստանի առաջնություններում անցկացնելով և 45 հանդիպման մասնակցելով՝ «Լոռին» առաջին անգամ բողոքարկում ներկայացրեց մրցավարի որոշումների վերաբերյալ «Փյունիկի» դեմ Բարձրագույն խմբի 16-րդ տուրի խաղից հետո, որը բավարարվեց ՀՖՖ-ի մրցավարական կոմիտեի կողմից և մրցավարը որակազրկվեց։

ՀՖՖ մրցավարական կորպուսը դիտարկել է նաև «Արարատի» դեմ խաղում մրցավարի՝ մեր խփած գոլը չհաշվելու դրվագը և որակազրկել է նաև այդ հանդիպման մրցավարին՝ սխալ որոշման համար։ Սիրելի՛ երկրպագուներ, կոչ եմ անում լինել ավելի զուսպ, համբերատար և ավելի համախմբված. մենք դեռ բազում առիթներ կունենանք միասին տոնելու մեր թիմի մեծ հաղթանակները»,- գրված է հայտարարությունում։

Աղբյուրը ՝ SPORT Panarama.am

Comments (0)
Add Comment