ՀՀ մշակույթի նախարարությունը մերժել է Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի բալետի մենապարող 23–ամյա Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը Օպերայում կազմակերպելու Մարգարյանի հարազատների խնդրանքը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մարգարյանի ընկեր Գեղամ Շերոյանը։
«Նախարարությունից պարզաբանել են, որ Մարգարյանը ՀՀ վաստակավոր արտիստ չէ, վերջին հրաժեշտը Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնում կազմակերպելու համար պետք է նիստ կազմակերպել, որը մոտ 4 օր կտեւի»,–ասաց նա։
Վահագն Մարգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 21–ին ժամը 18։00-ին Արմավիրի մարզի Ապագա գյուղում, իսկ հուղարկավորությունը հաջորդ օրը ժամը 14։00-ին գ. Ապագա, 7-րդ փող. 12 տնից։
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 21–ին, ի հիշատակ Վահագն Մարգարյանի՝ մոմավառություն է սկսվել Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնի գլխավոր մուտքի մոտ։ Քաղաքացիներն առավոտից ծաղիկներ էին խոնարհում Օպերայի շենքի աստիճաններին՝ հարգանքի տուրք մատուցելով կյանքից վաղաժամ հեռացած արտիստի հիշատակին։
Վահագն Մարգարյանը մահացել է նոյեմբերի 20–ին Հերացի թիվ 1 բժշակական կենտրոնում։ Մարգարյանը միջազգային մրցույթների հաղթող էր, մրցանակակիր: Նա Հայաստանը ներկայացրել է նաեւ «Պատանի պարողների Եվրատեսիլ» մրցույթում։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 6–ին ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Աշտարակ ճանապարհի 4-րդ կ/մ-ին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Օպել»-ի վարորդը եւ չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Այդ մեքենայի մեջ նաեւ Վահագն Մարգարյանն է եղել։
Աղբյուրը ՝ News.am