Հայտնի երաժիշտ Ջոն Լենոնին սպանած անձը՝ Մարկ Դևիդ Չափմանը խոստովանել է, որ տարեցտարի ավելի մեծ ամոթ է զգում 1980թ. կատարած սպանության համար:
Ինչպես նշում է The Guardian-ը, Չափմանն այս մասին ասել է իրեն ներում շնորհելու հարցը քննարկող հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ: Հայտնի է, որ հանդիպումը դեռևս օգոստոսին էր տեղի ունեցել, սակայն զրույցի մանրամասները միայն հիմա են հրապարակվել:
«Երեսուն տարի առաջ չէի կարող ասել, որ ամոթ եմ զգում, բայց հիմա գիտեմ, թե ամոթն ինչ բան է: Դա այն է, երբ ծածկում ես դեմքդ ու չես ուզում ինչ-որ բան խնդրել»,-ասել է տղամարդը:
Հիշեցնենք, որ 63-ամյա Չափմանը ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ 1980թ. դեկտեմբերի 8-ին Լենոնին սպանելու համար: Հատկանշական է, որ նա սպանությունը գործել է զոհից ինքնագիր վերցնելուց մի քանի ժամ անց:
Հայտնի է, որ իշխանությունները նպատակահարմար չեն գտնում Չափմանին ներում շնորհելը, քանի որ ենթադրում են, որ ազատության մեջ հայտնվելուց հետո կգտնվեն մարդասպանից վրեժխնդիր լինել ցանկացողներ:
Աղբյուրը՝ Tert.am