«Մանկական Եվրատեսիլ 2018». Հայաստանից եւս կկարողանան քվեարկել մեր մասնակցի օգտին

«Եվրատեսիլ»-ում հայաստանյան պատվիրակությունը մեր մասնակցի՝ Լեւոնի գլխավորությամբ, պատրաստ է մեկնել մրցույթին: Մեր ներկայացուցիչն ու մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավարները՝ Անուշիկ Տեր-Ղուկասյանն ու Դավիթ Ծերունյանը, վաղն արդեն մեկնելու են Մինսկ, որտեղ նոյեմբերի 25-ին կկայանա «Մանկական Եվրատեսիլ 2018»-ը:

Մինչ մրցույթին մեկնելը հայաստանյան թիմն այսօր հանդիպեց մամուլի ներկայացուցիչներին եւ խոսեց մրցույթի քվեարկության կարգի, մեր մասնակցի տրամադրվածության եւ բեմադրության մասին:

Ասուլիսի սկզբում Դավիթ Ծերունյանը խոսեց «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի մասին, որի արդյունքում էլ L.E.V.O.N-ն ընտրվել է համաեվրոպական մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ.

«Այս նախագիծը ոչ միայն ստացված էր, այլեւ կարեւոր նրանով, որ շատ երեխաների համար հանդիսացավ ներկայանալու նոր հարթակ: Նախագծի շնորհիվ 20-ից ավելի նոր դեմքեր ենք բացահայտել»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է մեր դեսպանին` 12-ամյա Լեւոնին, նա դրական է տրամադրված մրցույթին, ասում է՝ թալիսմաններ չունի, քանի որ վստահ է՝ ամեն ինչ կախված է մարդուց, այլ ոչ թե թալիսմաններից: Իսկ մրցույթին մասնակցել Լեւոնին ոգեշնչել է «Արցախի ձաներ» նախագծից իր ընկերը՝ Միշան, որը նախորդ տարի ներկայացրեց Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում «Բումերանգ» երգով:

Ի դեպ, ուրախալի լուր մրցույթի հայ երկրպագուների համար: «Մանկական Եվրատեսիլ»-ի կանոնների փոփոխության շնորհիվ՝ ոչ միայն արտերկրում բնակվող, այլեւ հենց Հայաստանի հայերը կարող են քվեարկել մեր մասնակցի օգտին: Մրցույթում այժմ չկա SMS քվեարկություն, փոխարենը Հայաստանից Լեւոնի օգտին կարող ենք քվեարկել junioreurovison.tv կայքի միջոցով: Քվեարկությունը բացվելու է նոյեմբերի 23-ից եւ տեւելու է մինչեւ նոյեմբերի 25-ը: Նվազագույնը կարելի է քվեարկել 3, իսկ առավելագույնը՝ 5 մասնակցի օգտին:

«Սա, իսկապես, շատ կարեւոր եւ մեծ փոփոխություն է, ինչը նշանակում է, որ բոլոր հայերը կարող են քվեարկել մեր մասնակցի օգտին: Եթե մեծերի «Եվրատեսիլ»-ի դեպքում մենք չենք կարող ազդեցություն ունենալ քվեարկության վրա, ապա այս տարբերակով կարող ենք, ինչը շատ կարեւոր է»,-շեշտեց Դավիթը:

Ինչ վերաբերում է մրցույթում Լեւոնի բեմադրությանը, ապա ըստ պատվիրակության ղեկավարների՝ մեր մասնակիցը բեմում կտրուկ փոփոխությունների չի ենթարկվի, քանի որ նրան արդեն շատերը սիրել են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի իր կերպարով:

«Այս տարվա բեմն, իսկապես, գերհագեցած է լեդ էկրաններով եւ լուսային գեղեցիկ լուծումներով, մենք այդ ամեն ինչը կօգտագործենք շատ հետաքրքիր կերպով: Բեմում Լեւոնը մեւունույն ժամանակ եւ մենակ է լինելու, եւ ոչ: Առաջին փորձից հետո ամեն ինչ կհասկանաք»,-նշեցին Դավիթն ու Անուշիկը:

Ասուլիսի ավարտին ներկայացվեց նաեւ ֆլեշմոբ, որը Լեւոնն իրականացրել էր «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի մյուս մասնակիցների հետ, որոնք նկարահանել էին անակնկալ հոլովակ, որում երգում եւ պարում են Լեւոնի հետ միասին:

«Մանկական Եվրատեսիլ 2018»-ը կհեռարձակվի նոյեմբերի 25-ին՝ Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով: Մեր մասնակիցը մրցույթին կներկայանա L.E.V.O.N երգով:

Աղբյուրը՝ News.am

 

Comments (0)
Add Comment