Արա Աբրահամյանը շնորհավորել է Հայաստանի երաժշտական ընկերությանը

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ,  ՅՈւՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը շնորհավորել է Հայաստանի երաժշտական ընկերությանը 60-ամյա հոբելյանի առթիվ։

«Հարգարժան հայրենակիցներ,

Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Հայաստանի երաժշտական ընկերությանը ստեղծման 60-ամյա հոբելյանի առթիվ և ցանկանում ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ:

Հայաստանի երաժշտական ընկերությունն իր գործունեության տարիներին զգալի հաջողություններ է ձեռք բերել հայկական խմբերգային արվեստի զարգացման ու մասսայականացման, երգչախմբերի կազմակերպման ու նրանց գործունեության կատարելագործման, հանրապետության երաժշտական մշակույթի գործիչների միավորման, երաժշտալուսավորչական աշխատանքների կազմակերպման գործընթացներում և այսօր արժանիորեն վայելում է Հայաստան երկրի երաժշտասեր հասարակայնության սերն ու համակրանքը:

Հայաստանի համար այսօր վճռորոշ նշանակություն ունեն գիտությունն ու մշակույթը: Հենց այս իրողությունն էլ հաշվի առնելով՝ մեր երկու կազմակերպություններն էլ ստեղծման իսկ օրից սկսել են համագործակցել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի, ստեղծագործական միությունների հետ և փորձել օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, որոնցով կարելի է օժանդակել նրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Այսօր համագործակցության ներկա փուլին համապատասխանող գիտամշակութային-կազմակերպչական աշխատանքի արդյունավետ միջոց է դարձել Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության կողմից անցկացվող գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների համահայկական մրցանակաբաշխությունը, որի հիմնական նպատակն է նպաստել ներկա մարտահրավերներին դիմակայելու գործում գիտության, գրականության և մշակույթի դերի բարձրացմանը, Հայաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, աջակցել երկրի մտավոր կյանքի աշխուժացմանը: Մրցանակաբաշխությանն ակտիվորեն մասնակցում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ստեղծագործական միությունները, այդ թվում նաև ձեր ընկերությունը:

Համոզված եղեք, որ մենք այսուհետ ևս կշարունակենք արդյունավետ համագործակցությունը Հայաստանի երաժշտական ընկերության հետ` ի նպաստ ընկերության գործունեության հետագա ընդլայնման:

Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության և

Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ,

ՅՈւՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան»։

Աղբյուրը՝ Vesti.am

Comments (0)
Add Comment