Հայտնի է դարձել հանդիսատեսների վարկածով 2018 թվականի լավագույն ֆիլմը

People՚s Choice Awards ամերիկյան ամենամյա մրցանակի «2018 թվականի ֆիլմ» անվանակարգում հաղթող է դարձել Marvel ստուդիայի «Վրիժառուներ Անվերջության պատերազմը» արկածային մարտաֆիլմը: Այդ մասին հայտնել է Enews պորտալը:

Տարվա լավագույն դրամատիկական կինոնկար է ճանաչվել Ջեյմս Ֆոուլիի «Ազատության հիսուն երանգները» ֆիլմը, լավագույն կատակերգություն՝ Սուզաննա Ֆոգելի «Լրտեսը, որն ինձ լքեց» ժապավենը, իսկ լավագույն ընտանեկան կինոնկար՝ «Սուպերընտանիք 2» մուլտֆիլմը:

Բացի այդ, հանդիսատեսները լավագույն կինոաստղերին են ընտրել տղամարդկանց ու կանանց շրջանում: Տղամարդկանց անվանակարգում հաղթող է դարձել դերասան Չեդվիք Բոուզմանը, որը գլխավոր դերն է խաղացել «Սեւ հովազ» ֆիլմում, իսկ կանանցից լավագույն կինոաստղ է ճանաչվել Սքառլեթ Յոհանսոնը, որը նկարահանվել է «Վրիժառուներ. Անվերջության պատերազմը» կինոնկարում:

People՚s Choice Awards-ը ամերիկյան մրցանակ է, որը փոփ-մշակույթի գործիչներին շնորհվում է հանդիսատեսների քվեարկության արդյունքներով: Այն հանձնվում է ամեն տարի՝ սկսած 1975 թվականից: Մինչեւ 2005 թվականը յուրաքանչյուր անվանակարգի հաղթողին որոշում էին սոցիոլոգիական հարցման օգնությամբ, այնուհետեւ քվեարկություն է կազմակերպվել Համացանցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրը՝ 168.am

Comments (0)
Add Comment