ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում օրեր առաջ սկսված անտառային հրդեհներն արդեն 25 մարդու կյանք են խլել ու շարունակում են արագ տարածվել՝ ընդգրկելով ավելի ու ավելի շատ տարածքներ:
Զոհերից 23-ի մարմինները հայտնաբերել են Փարադայսում, եւս 2-ինը՝ Մալիբուի ափերի մոտ: Ներկայիս հրդեհը հավակնում է դառնալ ամենաաղետալին Կալիֆորնիայի պատմության մեջ: Բյութ, Վենտուրա եւ Լոս Անջելեսի շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն:
Հրդեհների հետեւանքով հիմնովին ոչնչացվել է Փարադայս քաղաքը, միայն այստեղ 7 հազար տուն է այրվել, Կալիֆորնիա նահանգի տարածքի մեծ մասը ծածկված է ծանր ծխի հսկայական շերտով:
Ենթադրվում է, որ զոհերի թիվը կտրուկ կավելանա, քանի որ կան արդեն 110 անհետ կորածներ: Մինչ այս պահը տարհանվել է 250.000 մարդ, նրանց թիվը եւս ավելանում է: Կրակի տարածմանը նպաստում են նաեւ ուժգին քամիները:
Նշվում է, որ անհետ կորածների թվում այն մարդիկ, որոնք հայտնաբերվելու են, գրեթե անճանաչելի են լինելու, քանի որ կրակը գրեթե մոխրացրել է մարմինները: Այս պատճառով նախատեսվում է ԴՆԹ լաբորատորիաներ տեղակայել, որոնք կգործեն շարժական սկզբունքով:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Կալիֆոռնիային զրկել դաշնային ֆինանսավորումից, քանի որ նահանգային իշխանությունները ավերիչ անտառային հրդեհները մարել չեն կարողանում:
Թրամփը նշել է, որ ամեն տարի նահանգին միլիարդավոր դոլարներ են հատկացվում բյուջեից, սակայն վատ աշխատանքի հետեւանքով անտառային հրեդհները բազմաթիվ զոհերի պատճառ են դառնում, իսկ դրանք մարելու ջանքերը ավարտվում են անհաջողությամբ:
Աղբյուրը՝ armtimes.com