Ծանրամարտի աշխարհի չեմպիոնին ու փոխչեմպիոնին «Զվարթնոցում» դիմավորեցին զուռնա-դհոլով

Panorama.am-ը գրում է.«Աշխաբադում ավարտվել է  ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի պատվիրակ օլիմպիական խաղերի  փոխչեմպիոն Գոռ Մինասյանը երկամարտի 450 կգ արդյունքով գրավել է երկրորդ տեղը և արժանացել արծաթե պարգևի: Հայաստանի պատվիրակ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող ոսկե դափնեկիր Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 435 կգ  արդյունքով  նվաճել է աշխարհի  չեմպիոնի կոչումը և  արժանացել ոսկե մեդալի։

Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին ոչ միայն նրանց հարազատները, այլ բազմաթիվ երկրպագուներ։ Նրանց դիմավորեցին հայկական զուռնա-դհոլով։ Օդանավակայանում էին նաև Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը։

Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն ասաց, որ հսկայական աշխատանքի և մարզիչների խորհրդի շնորհիվ է հասել այդ արդյունքների։

«Այս անգամ լավ էի պատրաստվել և ստացվեց»,- ընդգծեց աշխարհի չեմպիոնը։

Հարցին, թե նման դիմավորումն ի՞նչ տվեց ձեզ, ի՞նչ եք զգում, Սիմոն Մարտիրոսյանն ասաց. «Մոտիվացիա, որպեսզի կրկնեմ ու գերազանցեմ արդյունքներս։ Իմ նպատակն է «Տոկիո-2020 օլիմպիական խաղերի ոսկին։ Հուսով ենք, որ ոսկով կվերադառնանք»։

Նա նշեց, որ իր հաղթանակը նվիրում է ողջ հայ ազգին։

Աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ասաց, որ  ոգևորում է, երբ թիմակիցդ, քո ընկերն աշխարհի չեմպիոն է դառնում, ամեն օր չէ, որ աշխարհի չեմպիոն են դառնում աշխարհի 3-4 ռեկորդով։

Նա ասաց, որպեսզի ավելի շատ կիլոգրամ բարձրացնի, պետք է ավելացնի քաշը։ Գ.Մինասյանը նշեց, որ հրում վարժությունում ուժեղացել է, ինչն իր համար կարևոր է։

Աղբյուրը՝ Panarama.am

Comments (0)
Add Comment