Այս պահին Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում գյումրեցիները հրաժեշտ են տալիս լեգենդար համաքաղաքացուն՝ ծանրամարտիկ, Օլիմպիական չեմպիոն, աշխարհի յոթակի, Եվրոպայի հնգակի և Խորհրդային Միության քառակի չեմպիոն Յուրի Վարդանյանին: Նա կյանքից հեռացավ 62 տարեկան հասակում, նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում: 43 համաշխարհային ռեկորդների հեղինակը 1974-1980 թթ.-ին սովորել և ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետը:
Հարազատ բուհի դասախոսներն ու ուսանողները պատվո պահակ կանգնեցին՝ հարգանքի տուրք մատուցելով ու ոգեկոչելով անվանի ծանրորդի հիշատակը:
Հիշեցնենք, որ լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի աճյունը նոյեմբերի 11–ի գիշերը տեղափոխվել է Հայաստան։ Երեւանում քաղաքացիական հրաժեշտը տեղի կունենա նոյեմբերի 13-ին՝ 10:00-15:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հուղարկավորությունը՝ նույն օրը ժամը 16:00-ին Կոմիտասի անվան պանթեոնում:
Աղբյուրը՝ Panarama.am SPORT