Սոցիալական կայքերում տարածված լուսանկարները, որոնցում սպանված առյուծներ են երևում, արվել են 2017թ-ին։ Այս մասին հայտնեց Երևանի կենդանաբանական այգու հանրային կապերի պատասխանատու Ռուբեն Աբրահամյանը։
Անժելիկա Ջավադյան անունով ֆեյսբուքյան օգտատերն այսօր սպանված առյուծների լուսանկարներ է հրապարակել` նշելով, որ դրանք կենդանաբանական այգու կենդանիներն են։
«Մեկ տարվա վաղեմության լուսանկարներ են, ու չեմ հասկանում, թե ինչ նպատակով են հիմա հրապարակվել»,- Sputnik Արմենիայինասաց Աբրահամյանը։
Մեր զրուցակիցը նշեց նաև, որ այգու ղեկավարությունն անցյալ տարի առյուծների հարցով դիմել էր նաև արտասահմանյան, մասնավորապես` իրանցի ու եվրոպացի գործընկեր անասնաբույժների, որոնք ևս հաստատել էին, որ նման հիվանդությունների դեպքում կենդանիներին պահելն անմարդկային է։
«Այդ նամակները բոլորը կան, պատասխանները` նույնպես։ Բացի այդ, Եվրոպական կենդանաբանական այգիների ու ակվարիումների ասոցիացիայի կանոնակարգով ևս նախատեսված է, որ եթե կենդանին տանջանքներ ունի, և բուժումն արդյունք չի տալիս, նրան պետք է ազատել այդ տանջանքներից»,- ասաց Աբրահամյանը։