Արթուր Վանեցյանը ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյին հրավիրել է Հայաստան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հրավերով մեկնել էին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք։ Նոյեմբերի 6-ին կայացել է ՖԻՖԱ-ի նախագահի և ՀՖՖ ղեկավար կազմի հանդիպումը, որի ընթացքում Արթուր Վանեցյանը և Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել են առաջիկա տարիներին Հայաստանում ֆուտբոլի զարգացման հեռանկարները:

Մասնավորապես, ներկայացվել է մասսայական ֆուտբոլի խթանման նպատակով մարզային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև մանկապատանեկան ֆուտբոլում իրականացվելիք ծրագրերը: ՀՖՖ-ի կողմից ներկայացված ծրագրերն արժանացել են բարձր գնահատականի, և ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն հայտարարել է, որ իրականություն դառնալու դեպքում դրանք կարող են օրինակելի դառնալ նաև այլ երկրների համար:

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Ջիանին Ինֆանտինոյին հրավիրել է Հայաստան: Նախնական պահմանավորվածության համաձայն՝ ՖԻՖԱ-ի նախագահի այցը Հայաստան տեղի կունենա 2019 թ.: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Աղբյուրը՝ Panarama.am  Sport

Comments (0)
Add Comment