Երգիչներ Հայկ Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Իվետա Մուկուչյանը, Էրիկ Կարապետյանը, Մաշա Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը, Սևակ Ամրոյանը, Էվա Ոսկանյանը, Նաիրա Մանուչարյանը, Աղվան Պապոյանը մեծ տոն պարգևեցին Ազնավուրի արվեստի երկրպագուներին՝ «Քեզ համար, Ազնավուր» համերգին ինքնատիպ մեկնաբանություններով ներկայացնելով աշխարհահռչակ շանսոնյեի սիրված ստեղծագործությունները:
«Արմենպրես»—ի հաղորդմամբ` երեկոն կայացավ հոկտեմբերի 30-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Համերգի հատուկ հյուրերից էր ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամ ԺերեմիԴելվերը, որը շատ կարճ ժամանակահատվածում սիրվեց հայ երաժշտասերների կողմից: Նա հնչեցրեց «Հայկական վալս» ստեղծագործությունը, որը կատարել էր Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը: Դելվերն ասաց, որ իր համար պատիվ է հանդես գալ հայկական բեմում և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրեն հնարավորություն են ընձեռել ժամանել Հայաստան:
Երեկոն անմոռանալի դարձավ երկար տարիներ հայրենիքի բեմում ելույթներ չունեցած դերասան, սցենարիստ, երգիչ Վարդան Պետրոսյանի մասնակցության շնորհիվ:
«Իմ հասակակիցները կհիշեն, որ մութ և ցուրտ տարիներին երեքշաբթի օրը ռադիոյով մեկ ժամ արտասահմանյան էստրադա էին հաղորդում: Հույս ունեինք, որ երբեմն Շառլին կարող ենք լսել: Հետո պատանեկան տարիներ, երիտասարդ տարիներ, սիրահարված տարիներ, նույնիսկ կալանքում Ազնավուրը մեզ հետ էր: Ես հիշում եմ` մոտենում էր առաջին Նոր տարին, որ ես կալանավորված էի, ընկերներս կիթառ էին գտել և ցանկանում էին, որ ես երգեմ: Սիրտ չունեի երգելու, թոքերս էլ ճզմված էին, բայց տղաներն ինձ համար այնքան բան էին արել, որ ուզում էի վարձահատույց լինել: Երգեցի «Լա բոհեմը», երգեցի հայերեն: Լուռ լսում էին` ծխելով, կարծես անարցունք լալիս էին: Հետո տղաներից մեկը եկավ, խնդրեց տեքստը գրեմ, որ անգիր անի, հետո իրար փոխանցեցին, հետո, երբ երգում էի երգը, արդեն շատ հաճախ, որպես մեր բոհեմը, լուռ ձայնակցում էին»,-պատմեց Վարդան Պետրոսյանը:
Նա նշեց, որ անցյալ տարի, երբ երկար ընդմիջումից հետո պատրաստվում էր ելույթներ ունենալ ԱՄՆ-ում, հրաշքի պես մի բան է կատարվել, և Շառլ Ազնավուրը գնացել է իրենց տուն: «Իսկապես անսովոր մի հանդիպում էր, որը մինչ օրս չեմ պատկերացնում ու չեմ հավատում դրան: Կարծես իմ հարազատ ընտանիքի անդամը լիներ, իմ հարազատ մեծ քեռին: Խոսում էինք ընտանիքներից: Եկավ կարծես օրհնություն տալու, կանաչ ճանապարհ մաղթելու: Գնալով մեզանից` կարծես ինձ ետ վերադարձրեց մեր հայկական բեմ: Նա ներկա եղավ մեր ամբողջ կյանքում: «Լա բոհեմ» երգը մանկուց լսեցի, երգեցի նույնիսկ անազատության մեջ: Այն վերջերս հնչեց նաև Բաղրամյան պողոտայում, երբ հազարավոր մարդիկ էին հավաքվել և ազատաշունչ երգում էին մեր բոհեմը»,-եզրափակեց արտիստը և հայերեն կատարեց «Լա բոհեմը»: Երգիչը նաև ելույթ ունեցավ որդու` Հայկ Պետրոսյանի հետ: