«Միսս Տիեզերք» մրցույթում Մեծ Բրիտանիան առաջին անգամ սևամորթ աղջիկ է ներկայացնելու։ BBC-ն գրում է, որ 25-ամյա Դի Էնն Քենթիշ- Ռոջերսը հաղթել է բրիտանական «Միսս Տիեզերք» մրցույթում։ «Եթե ես իմ օրինակով ոգեշնչեմ դեռատի սևամորթ աղջկա, ասիացի աղջկա, ցանկացած այլ էթնիկ խմբի ներկայացուցչի Մեծ Բրիտանիայում, ես կհամարեմ, որ ես արել եմ իմ գործը։ Ես այս մրցույթին պատրաստվել էի սովորական աղջկա նման։ Բայց հիմա հանկարծ գիտակցել եմ , որ ես այն ոչ թե պարզապես հաղթել եմ, այլ դարձել եմ առաջին սևամորթ հաղթողը։
Հիմա, երբ ես հաղթել եմ (ազգային) մրցույթը, ես հասկանում եմ, որ հաղթել եմ ոչ թե պարզապես որպես անհատ, այլ որպես սևամորթ կին։ Ինձ համար շատ կարևոր է ներկայացնել իմ մշակութային ինքնությունը»,- մեջբերում է պորտալը Ռոջերսին։
Անցյալում աղջիկը զբաղվել է թեթև մարմնամարզությամբ, իսկ կրթությամբ նա իրավաբան է։
Դի Էննի կարծիքով ՝ գեղեցկության մրցույթներն ամենևին էլ չեն սպառել իրենց, այլ դարձել են հարթակ, որտեղից կանայք կարող են արտահայտվել ու լսելի լինել։
Այս տարի Քենթիշ Ռոջերսը ներկայացնելու է իր երկիրը «Միսս Տիեզերք» 67-րդ մրցույթում ու պատվավոր տիտղոսի համար պայքարելու է աշխարհի բոլոր երկրների ներկայացուցիչների հետ։