Ռոբերտ Արզումանյան. «Զբաղվելու եմ ամբողջ աշխարհում և Հայաստանում գտնվող հայ ֆուտբոլիստների սկաուտինգով

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան, հայ ֆուտբոլասերների սիրելի Ռոբերտ Արզումանյանը ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:

Մեր ընտրանու պատմության լավագույն պաշտպաններից մեկը, ով 72 հանդիպման է մասնակցել Ազգային թիմի կազմում, հյուրընկալվել է Armsport.am-ին և խոսել կարիերան ավարտելու որոշման, նոր մարտահրավերների, ունեցած հիշողությունների և այլ հարցերի մասին.

— Ռոբերտ, հետաքրքիր է՝ ի՞նչ մտքերով եք սկսել օրը՝ իմանալով, որ այսօր գալու եք հարցազրույցի:

— Ճիշտն ասած՝ պետք է չգայի (ժպտում է,- խմբ): Վատառողջ եմ ու առավոտյան ինձ այնքան էլ լավ չէի զգում, բայց քանի որ պայմանավորվածություն կար, եկա:

—  Իսկ առօրյան ինչպե՞ս եք կազմակերպում: Հաշվի առնելով, որ տևական ժամանակ ֆուտբոլով չեք զբաղվել, ամեն դեպքում Ձեր առօրյան շարունակու՞մ է մնալ մարզական ռեժիմով:

— Անկեղծ ասած՝ հստակ ռեժիմ չկա, թե օրինակ երբ պետք է արթնանամ, կամ, երբ ինչով զբաղվեմ: Երկու տարի է՝ չեմ խաղում, ընթացքում մարզվել եմ, որոշակի ժամանակահատված ռեժիմ պահել եմ, բայց հիմա չկա հստակ ռեժիմ:

— 2017 թվականին «Ամկարից» հեռանալուց հետո որևէ այլ ակումբում այդպես էլ հանդես չեկաք, չնայած լուրեր տարածվեցին, որ Ձեր ծառայություններով տարբեր թիմեր են հետաքրքրված, Դուք էլ այնուհետև մարզվեցիք հայկական թիմերի հետ, տևական ժամանակ անցկացրիք նաև ԱՄՆ-ում: Ամեն դեպքում, կյանքի այդ շրջանն ինչպե՞ս կամփոփեք:

— 2016 թվականին, երբ դեռ հանդես էի գալիս Կարագանդայի «Շախտյորում», վնասվածք ստացա ու ենթարկվեցի ծնկի վիրահատության: Պետք է ավելի շուտ վերականգնվեի, բայց այդ ամբողջ տարին՝ 2016 թվականը, չվերականգնվեցի: Մեկ վիրահատություն էլ ունեցա ԱՄՆ-ում, որի վերականգնման համար էլ ևս մեկ տարի պահանջվեց: 2018 թվականին նոր սկսեցի մարզվել, հետո նաև պայմանագիր կնքեցի «Արցախի» հետ, բայց փոքր-ինչ հիվանդացա ու որոշեցի, որ ավելի ճիշտ կլինի՝ այլևս չխաղամ ֆուտբոլ:

Կարող էի խաղալ ևս 2-3 տարի, բայց հասկացա, որ կյանքի ուրիշ փուլ սկսելու ժամանակն է:

— Ամեն դեպքում, շատերը դեռ սպասում էին, որ կվերադառնաք ֆուտբոլ, և մասնավորապես Հայաստանի հավաքական, հակապես՝ Յուրա Մովսիսյանի վերադարձից հետո: Կարիերան ավարտելու որոշումն ինչպե՞ս կայացրիք:

— 2 տարուց ավելի չէի խաղում, ու կամաց-կամաց եկել էի դրան: Գիտակցում էի, որ վաղ թե ուշ չեմ խաղալու, քիչ թե շատ պատրաստ էի դրան, այդիսկ պատճառով այնքան էլ դժվար չտրվեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշումը: Հիմա ֆուտբոլի հետ կապված այլ նպատակներ կան:

— Ի՞նչ նպատակների մասին է խոսքը: Ֆուտբոլից, փաստորեն, չե՞ք հեռանում:

— Դժվար է հեռանալը: Ավելի ճիշտ՝ ժամանակը ցույց կտա, եթե սիրով, հաճույքով և օգտակարությամբ կանեմ այն գործը, որը կանեմ արդեն ոչ որպես ֆուտբոլիստ, ուրեմն կշարունակեմ մնալ ֆուտբոլում: Ամեն դեպքում, նպատակս հենց դա է:

Կարելի է ասել՝  արդեն պաշտոնապես ֆուտբոլի ֆեդերացիայում եմ: Հետագայում էլ ցանկություն ունեմ մարզչական գործունեությամբ զբաղվել, կամ այնպիսի աշխատանքով, որը կապված կլինի ֆուտբոլային մենեջմենթի հետ: Ժամանակը ցույց կտա: Հիմա մարզչական լիցենզիա չունեմ, և տվյալ պահին ֆեդերացիայում աշխատանքս ուրիշ գործառույթներ է իրենից ներկայացնում:

— Ի՞նչ գործառույթներ:

— Ղեկավարելու եմ սկաուտինգի բաժինը: Զբաղվելու եմ ամբողջ աշխարհում և նաև Հայաստանում գտնվող հայ ֆուտբոլիստների սկաուտինգով: Գործառույթս իսկապես լավ ֆուտբոլիստներ գտնելն է: Աշխարհում շատ են հայերն ու հայ ֆուտբոլիստները: Շատ դեպքերում հրավիրելուց առաջ հնարավոր չի լինում իրական գնահատական տալ՝ նրանք լա՞վն են, թե՞ ոչ: Ինքս կփորձեմ մասնագիտական ավելի ճիշտ գնահատական տալ, թե որ ֆուտբոլիստն է կարող իսկապես օգտակար լինել մեր հավաքականին, և ով՝ ոչ:

— Երկրպագուները հաճախ դժգոհում էին, որ իրենց նախընտրած խաղացողները դուրս են մնում ֆեդերացիայի ուշադրությունից և չեն հրավիրվում հավաքական: Փաստորեն այդ ամենն այժմ Դուք եք համակարգելու: Կա՞ն անուններ, որոնց արդեն իսկ դիտարկում եք:

— Կան. այսինքն նրանք են, որոնց բոլորը գիտեն: Ովքեր խաղում են օրինակ Ռուսաստանի Բարձրագույն խմբում: Կան նաև մանկապատանեկան տարիքի շատ ֆուտբոլիստներ: Ֆուտբոլասերների ցանկությունը հասկանելի է, բայց պետք է հասկանալ, որ ոչ բոլորին է հնարավոր հրավիրել հավաքական: Ռուսաստանում հանդես եկող հայերին շատ դժվար է հրավիրել հավաքական, քանի որ նրանք այնտեղ դառնում են լեգիոներ ու կանգնում խնդրի առաջ: Նույն Մարաշլյանը, ով շատ լավ ելույթներ է ունենում, հույս ունի հանդես գալ Ուրուգվայի հավաքականում: Այն ֆուտբոլիստների անունները, որոնք երկրպագուները տալիս են, ֆեդերացիայում շատ լավ գիտեն: Ֆեդերացիան էլ ցանկություն ունի հրավիրելու, բայց ժամանակը ցույց կտա՝ նրանք կգա՞ն, թե՞ ոչ:

— Իսկ հենց Մարաշլյանի հետ երբևէ կապ հաստատվե՞լ է:

— Երևի՝ տարվել են բանակցություններ, ես չգիտեմ: Գիտեմ, որ ցանկություն կա նրան հրավիրելու, այսինքն աշխատանքներ էլ են տարվել: Բայց նա երիտասարդ է և հույս ունի խաղալ Ուրուգվայի հավաքականու

— Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին ակտիվորեն հետևում էիք ու նաև մասնակցում: Հետաքրքիր է՝ ի՞նչ կարծիք ունեք ինչպես ֆուտբոլում, այնպես էլ երկրում կատարված արմատական փոփոխությունների մասին:

— Այո, որպես հայ մարդ հետևում եմ իրադարձություններին, ու հետևում եմ ոչ միայն այս տարվանից: Դեռ 2008-ից ինքս միշտ հետևել եմ տիրող իրավիճակին ու կողմ եմ եղել փոփոխություններին: Ի վերջո, այս տարի հաջողվեց այդ փոփոխությունները կերտել, ինչը շատ կարևոր հանգամանք է: Հույս ունեմ՝ աստիճանաբար ամեն բնագավառ կզարգանա Հայաստանում:

Իսկ ֆուտբոլում ամեն ինչ լճացման փուլում էր: Նախկինի մասին չխոսենք, լավ բաներ էլ են եղել, վատերն էլ: Հույս կա, որ ամեն ինչ լավ կլինի, քանի որ ամեն ինչ գոնե արդեն արդար և անաչառ է լինելու: Ճիշտ է՝ մեր հայկական ֆուտբոլը զարգացնելը շատ բարդ է: Երկրպագուները միայն հավաքականին են նայում: Եթե հավաքականը լավ է խաղում, ուրեմն ամեն ինչ լավ է: Բայց շատ գլոբալ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն, սկսած մանկապատանեկան ֆուտբոլից, առաջնությունից, վերջացրած շատ-շատ կարևոր ենթակառուցվածքների, վերականգնողական կենտրոնների ստեղծմամբ, որոնք Հայաստանում չկան: Դրանք շատ մեծ ու կարևոր խնդիրներ են, բայց՝ երկարաժամկետ: Իսկ կարճաժամկետ նպատակներից մեկը պետք է լինի յուրաքանչյուր խաղին ամեն ինչ ճիշտ անելու դեպքում հավաքականի հաղթանակներին հասնելը, ինչին էլ սպասում են երկրպագուները:

— Իսկ հավաքականում անցկացրած տարիներն ինչպե՞ս կամփոփեք: Ի՞նչ հիշողություններ ունեք:

— Լավ: Հետհայացք գցելով՝ կասեմ, որ տարբեր սերնդի ֆուտբոլիստների հետ եմ խաղացել: Ընդհանուր գնահատելիս՝ լավ: Բայց կարող էի ավելի լավ խաղալ: Հավաքականում անցկացրած խաղերի եթե ոչ կեսը, ապա 30 տոկոսը վնասվածքով, ցավով եմ խաղացել: Պատրաստ չեմ եղել, լավ մարզավիճակում չեմ եղել: Եթե լավ մարզավիճակում լինեի, այդ խաղերն էլ ավելի լավ կանցկացնեի: Բայց, ընդհանուր առմամբ, հավաքականում իմ ելույթները նորմալ կգնահատեմ:

Հիշարժան խաղեր շատ են եղել: Ինձ մոտ տպավորվել են հավաքականի կազմում անցկացրած առաջին խաղերը, մյուս փուլն արդեն Պորտերֆիլդի շրջանն էր, այդ տարի երեք գոլ խփեցի, իսկ մյուս շրջանը Մինասյանի օրոք հավաքականի բումն էր:

— Մինասյանի տարիներին հավաքականն իսկապես բում ապրեց: Կարելի է ասել՝ այդ ժամանակ խաղում էր մեր հավաքականի ոսկե սերունդը: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ չհաջողվեց շոշափելի արդյունքների հասնել:

— Չէի ասի ոսկե սերունդ: Մեր ազգը շատ ծայրահեղական է: Մեր թիմերն ամռանը եվրագավաթների երկրորդ փուլն են հաղթահարում, ասում ենք՝ պատմություն կերտեցին: Կամ՝ մի քիչ լավ ենք խաղում, ասում են ոսկե սերունդ: Ոսկե սերունդ չկար, կային երիտասարդ լավ  ֆուտբոլիստներ, ովքեր հույս ներշնչեցին: Ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Ֆուտբոլում մեկ հանգամանք չի լինում: Եղան շատ հանգամանքներ, որոնք չհասցրին մեզ Եվրոպայի կամ Աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլեր:

— Տևական ժամանակ եղել եք «Արցախ» ակումբում, որտեղ անհամեմատ շատ են երիտասարդ ֆուտբոլիստները, ու, առհասարակ, մեր երիտասարդներին նայելով՝  ի՞նչ եք կարծում Ազգային հավաքականում սերունդը շարունակելու լավ կադրեր ունե՞նք:

— Այո, իհարկե ունենք: Միշտ էլ կան լավ երիտասարդներ: Ֆուտբոլիստներին պետք է շանս տրվի, նրանք խաղալով են զարգանում: Յուրաքանչուր ժամանակաշրջանում էլ կան լավ ֆուտբոլիստներ, ուղղակի պետք է այդ զարգացումն ու աճը ճիշտ կազմակերպել:

— Իսկ ակումբային կարիերան ինչպե՞ս կամփոփեք՝ հետհայացք գցելով բոլոր այն թիմերին, որոնց գույները երբևէ պաշտպանել եք:

— «Փյունիկում» շատ երիտասարդ էի: Մի քանի տարի կայուն խաղ ցուցադրեցի, այն ժամանակ «Փյունիկում» շատ փորձառու խաղացողներ էին հանդես գալիս ինչպես արտասահմանցիներ, այնպես էլ՝ տեղացի խաղացողներ, ովքեր պաշտպանում էին մեր ազգային հավաքականի գույները: Նրանց կողքին խաղալով՝ շատ բան եմ սովորել: «Փյունիկից» միանգամից եվրոպական թիմ տեղափոխվեցի՝ դանիական «Ռանդերս», որտեղ արդեն շատ տարբերություններ կային: Երեք հաջող տարի անցկացրի «Ռանդերսում»: Վերջին 1 տարին անհաջող ստացվեց,բայց ոչ ֆուտբոլային առումներով… հետո շատ բաներ իմացա: Ամեն դեպքում, լավ հիշողություններ կան, վերջին 1 տարում Յուրան էլ միացավ ինձ:

Դրանից հետո տեղափոխվեցի Լեհաստան, բայց այնտեղ կիսատ մնաց ամեն ինչ: Լավ էի սկսել, բայց հետո վնասվածք ստացա: Հետո տեղափոխվեցի Ռուսասատան, Ղազախստան…: Ամեն տեղ էլ լավ է եղել: Երևի՝ ամենահաջողը կհամարեմ «Ամկարում» անցկացրած կես տարին և «Ակտոբեի» հետ առաջին տարին, երբ դարձանք Ղազախստանի չեմպիոն: «Ամկարում» տիրող իրավիճակն էլ կարելի է համեմատել չեմպիոնության հետ, քանի որ անհնարին իրավիճակից դուրս եկանք՝ պահպանելով տեղը Բարձրագույն խմբում և հաղթելով շատ ուժեղ մրցակիցների:

— Հետաքրքիր է՝ ո՞ր պահն եք համարում Ձեր կարիերայի գագաթնակետը:

— Ինձ համար, երևի, չկա գագաթնակետ, քանի որ շատ բան է կիսատ մնացել: Այսինքն՝ ավելին կարող էր լիներ: Բայց այդ երկու թիմի հետ անցկացրած ժամանակահատվածն եմ ամենահաջողը համարում:

— Երկար տարիներ խաղացել եք շատ մեծ նվիրվածությամբ, ու տարիներ առաջ հավաքականից հեռացել եք ոչ այնպես, ինչպես, գուցե, կսպասեիք: Այդ շրջանը հոգեբանական առումով ի՞նչ հետք թողեց Ձեզ վրա:

— Ճիշտն ասած՝ երկար տարիներ տեսնում էի, թե մեր հին ֆուտբոլիստներին ինչպես են վերաբերվում ու ինչպես են ճանապարհում, շատերի հետ եմ խաղացել: Չէի ասի, թե սպասում էի իմ հանդեպ նման վերաբերմունք, բայց գիտակցում էի, որ գուցե ինձ էլ, ինչպես շատերին, ճանապարհեն վատ ձևով (Ժպտում է, — խմբ.): Շատ չեմ էլ մտածել, թե ինձ արժանի ճանապարհելը որն է: Ես խաղացել եմ իմ խաղը, ժողովորդն էլ ֆուտբոլիստին գնահատում է իր խաղով, նվիրումով: Ժողովրդի գնահատականն է կարևոր: Հետք թողեց այնքանով, որ երբ որևէ անարդար բան է լինում, բնականաբար բարկանում ես, բայց նորից կրկնեմ. եթե մի մարդուց սպասում ես ինչ-որ բան, պատրաստ ես լինում ամեն ինչի ու չես էլ նեղանում ….

— Փաստորեն՝ նեղացած չե՞ք հեռանում ֆուտբոլից:

— Ոչ (ժպտում է,- խմբ.): Ֆուտբոլի մեջ եմ, չեմ էլ հեռացել, որ նեղանամ:

— Ֆուտբոլում որևէ չիրականացած երազանք ունե՞ք:

— Անկեղծ ասած՝ չեմ մտածել այդ մասին: Ինչ եղել է, եղել է: Չեմ ապրում երազանքներով: Կարող ես ապագայի մասին մտածել, թե ինչ կարող ես դեռ անել, բայց այն ինչ չի եղել, իմաստ էլ չկա շատ մտածելու:

— Հետադարձ հայացք գցելով՝ կա՞ մի պահ կամ քայլ, որի համար, գուցե, հիմա ափսոսում եք:

— Չէ: Աշխատում եմ առհասարակ չափսոսալ: Իրականում՝ փորձում եմ շատ չմտածել այն ամենի մասին, ինչն արդեն եղել է:

— Հավաքականի անցկացրած վերջին երկու խաղի մասին ի՞նչ կարող եք ասել;

— Փոքր-ինչ հակասական է: Նորից ծայրահեղությունից ծայրահեղություն: Պարտվեցինք Ջիբրալթարին, բայց 3 օր անց խոշոր հաշվով գեղեցիկ հաղթանակ տարանք Մակեդոնիայի նկատմամբ: Մարզիչը նոր է, բայց այն խնդիրները, որոնք կան ֆուտբոլում, նոր չեն…: Տարիներ շարունակ դրանք եղել են, գոնե՝ մեր հեռանալուց հետո այդ հոգեբանական խնդիրը կա: Եթե մեր լավագույն ֆուտբոլիստներին կարող են հեշտ-հանգիստ, կեղծ մեղադրանքներով հեռացնել ֆուտբոլից և անպատիժ մնալ, մյուս խաղացողներն էլ այդ ընթացքում գալիս էին հավաքական պարզապես գալու համար…: Կարծում եմ՝ նրանց մոտ կորել էր հավատը, որ կարող են հաղթել: Կարծես՝ վերջին տարիներին հավաքականը ժամանակ անցկացնելու միջոց լիներ: Հիմա արդեն շատ բան փոխվել է: Վերջին խաղն էլ ցույց տվեց, որ տղաները շատ վազեցին, ցանկությունը շատ մեծ էր, ու դա պետք է պահել և առաջ շարժվել: Հավաքականում նաև շատ կարևոր է մրցակցության ապահովումը: Ոչ ոք չպետք է իմանա, որ գալու է հավաքական ու անպայման խաղա:

— Մի անգամ՝ հավաքականի անհաջող ելույթները մեկնաբանելիս նշել էիք, որ մեր հավաքականին թիմային խաղն է պակասում: Մեր ընտրանու անցկացրած վերջին խաղերում այդ առումով բարելավում նկատվե՞ց:

— Այո, հատկապես՝ վերջին խաղում, բայց դեռ շատ տեղ կա աշխատելու: Թիմային խաղով ես միանշանակ հաղթում: Առանց դրա ֆուտբոլում հաղթանակներ չեն լինում:

— Իսկ Հայաստանի առաջնությունում դրական տեղաշարժ նկատո՞ւմ եք:

— Եթե համեմատեմ նախորդ տարվա առաջնության հետ, ապա իսկապես շատ է ուժեղացել: Երեք թիմ է ավելացել ու երեքն էլ բավականին ուժեղ: Առհասարակ, բոլոր թիմերն ուժեղացել են: Շատ տարբեր ոճի թիմեր ունենք, ի տարբերություն նախորդ տարվա 6 թիմերի, որոնք հիմնականում միանման էին գործում, այս տարի շատ տարբեր են: «Լոռին», կարծես, ամբողջովին աֆրիկյան ոճով լինի, «Արարատ-Արմենիան» հիշեցնում է Ռուսաստանի առաջին լիգայի թիմերին, նույն «Փյունիկը» շատ է փոխվել…: Բազմազանություն կա առաջնության թիմերի մեջ: Հիմա շատ է պայքարը, ինչը մեր առաջնությունում միշտ շատ քիչ է եղել: Այսինքն, կոնտակտային ֆուտբոլ շատ չի եղել, ինչը շատ կարևոր է: Ֆուտբոլիստներն էլ լավ խաղերով են աճում, պետք է լավ արագ տեմպով խաղեր լինեն: Լավ առաջնություն է դարձել: Չնայած՝ առաջ գնալու տեղ դեռ շատ ունենք:

 

Աղբուրը՝ ARM SPORT.am

Comments (0)
Add Comment