Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի շրջանակներում անցկացվող «Խոստումնալից գիտական հետազոտություններ՝ ականավոր գիտնականների մասնակցությամբ» կլոր սեղանի ժամանակ ելույթով հանդես եկավ Ռուսաստանի հայերի միության նախագահ, Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի համակարգող կոմիտեի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ–ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը:
Աբրահամյանը շնորհավորեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին՝ Ակադեմիայի 75-ամյակի կապակցությամբ:
«Մեծ հարգանքով ու հավատով եմ վերաբերվում գիտությանը: Կուզենայի Երևանում մշտական գործող նոր գիտական կենտրոն ստեղծելու մեխանիզմներ մշակեինք: Սկզբնական շրջանում կփորձեմ իմ հնարավորությունների շրջանակներում ֆինանսավորել: Կարծում եմ՝ կգտնվեն այլ գործարարներ, որոնք ևս կցանկանան ֆինանսավորել այս ծրագիրը: Տարածքներ կան՝ կարող ենք անել դա Ազգային ակադեմիայում, կարող ենք այլ վայրում անել, ես կտրամադրեմ: Կարծում եմ՝ դա Հայաստանի համար կարևորագույն խնդիրներից մեկն է, որը նաև ռազմավարական նշանակություն ունի: Համաժողովի շրջանակում քննարկեցինք կիբեռանվտանգությանը վերաբերող հարցեր, որոնք նույնպես գիտության հետ են կապված»,-նշեց նա:
Աբրահամյանը նաև հավելեց, որ գիտության զարգացումը Հայաստանի համար շատ կարևոր է:
«Այսօր աշխարհի խոշոր պետություններն ահռելի գումարներ են ներդնում գիտության զարգացման համար: Մենք էլ կարող ենք մեր գիտությունը զարգացնելով՝ ուժեղացնել մեր անվտանգությունը: Այսօր նաև շատ հեշտ է դարձել գիտություն արտահանելը»,-շեշտեց Աբրահամյանը՝ ընդգծելով, որ ուրախ կլիներ ծրագիրն իրականացնելու համար, սակայն ըստ նրա, դա մեկ մարդու ուժերից վեր է:
Նրա խոսքով՝ պետք է համախմբել ուժերն ի նպաստ հայրենիքի:
«Այսօր Ռուսաստանը պատժամիջոցների տակ է, որոնք օրեցօր ավելի են խստանում: Ես դեռևս երեք տարի առաջ դիմել էի ՀՀ նախագահին Երևանում այդպիսի կենտրոն ստեղծելու համար, որտեղ կաշխատեն և՛ հայ մասնագետները, և՛ դրսից հրավիրվածները: Այսօր Ռուսաստանն էլ է դրանով շահագրգռված, քանի որ նրանք այսօր չեն կարողանում պատժամիջոցների պատճառով ստանալ այն տեխնոլոգիաները, սարքավորումները, որոնք իրենց համար շատ կարևոր նշանակություն ունեն: Մենք կարող ենք դրանից օգտվել և ինքներս մատակարարենք: Արդեն խոսել եմ ռուսական մի քանի խոշոր ընկերության հետ, նրանք պատրաստ են մասնակցել ծրագրի իրականացմանը»,- ընդգծեց Արա Աբրահամյանը՝ նշելով, որ ցանկացողները կարող են համագործակցել Ռուսաստանի հայ համայնքի հետ:
Աբրահամյանը նաև շեշտեց, որ Ռուսաստանում մեր ունեցած հնարավորությունների շատ չնչին մասն ենք օգտագործում:
«Պետք է մտածել, թե ինչպես առաջ տանել գիտությունը: Այսօր պետությունն էլ հայտարարում է, որ պատրաստ են աջակցելու, պայմաններ ստեղծելու գործարարների համար: Կարծես թե, պետություն-գործարար համայնք համագործակցությունն ավելի է հեշտանում: Մեծ ուրախությամբ Ձեզ հետ միասին այդ ամենը կիրագործեմ: Ոչինչ այդքան մեծ արժեք չունի, որքան գիտությունը»,- ավելացրեց նա:
Աղբյուրը՝ VESTI.am