Հայրապետական այցով Իտալիայում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 23-ին շքախմբի ուղեկցությամբ Միլանից մեկնել է Հռոմ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են` Նորին Սրբությանն ուղեկցում են Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Այցի շրջանակներում Հռոմի հայկական Սուրբ Վլաս եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչներին:
«Հրաշափառ»-ի հանդիսավոր արարողությունից հետո Նորին Սրբությանը բարիգալստյան խոսք հղեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Նորին Սրբությունն իր ուրախությունն է արտահայտեց օրեր առաջ Միլանի Սրբոց Քառասնից մանկանց եկեղեցու հաստատման 60-ամյա նշանակալի հոբելյանի հանդիսությանը մասնակցելու առիթով` բարձրորեն գնահատելով իտալահայերի նախանձախնդրությունը հանդեպ հոգևորը և նախնյաց ավանդները, նրանց որդիական հավատարմությունը հանդեպ հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
Հայրապետական իր օրհնությունը բերելով հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամել է զորեղ մնալ ազգային գիտակցության մեջ, իրենց սրտերում մշտավառ պահել Սուրբ Գրիգոր Լուսավորչի հավատո կանթեղի լույսը և նախանձախնդրությունը նախնյաց ժառանգության հանդեպ:
Ըստ աղբյուրի, հոկտեմբերի 24-ին Վատիկանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կհանդիպի Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ:
Աղբյուրը՝ Life Panarama.am