Որոնք են գլխուղեղի անոթների խցանման հիմնական պատճառներն ու ախտանշանները

Գլխուղեղի անոթների խցանումը հաճախ տեղի է ունենում նյութափոխանակության կամ հորմոնալ խանգարումների դեպքում: Խցանման պատճառ կարող են դառնալ խոլեստերինի գնդիկները, թրոմբը, ճարպային գնդիկները կամ արյունատար անոթում հայտնված օդի պղպջակները: Գլխուղեղի անոթների խցանման ախտանշանները կարող են տարբեր լինել, սակայն դրանք բոլորն էլ պայմանավորված են լինում արյան լճացմամբ և թթվածնային քաղցով:

 

Գլխուղեղի անոթների խցանման ախտանշանները

 

Գլխուղեղի զարկերակների, մազանոթներ կամ երակների խցանումը կարող է հանգեցնել բջիջների թթվածնաքաղցի, որի ախտանշանները կարող են տարբեր լինել: Հիպօքսիայի (թթվածնաքաղց) դեպքում կարող է նկատվել.

 

·        տեսողության խանգարում, աչքերի առաջ սև կետի առաջացում,

 

·        զրնգոց ականջների մեջ,

 

·        ուշագնացություն կամ ապշած վիճակ,

 

·        դիմախաղի փոփոխություն՝ լուծանքի կամ դեմքի մկանների սպազմի հետևանքով (իշեմիկ կաթվածի դեպքում),

 

·        քնկոտություն,

 

·        գլխացավեր ու գլխապտույտ,

 

·        լեզվի և շուրթերի թմրածություն,

 

·        դեմքի գունատություն:

 

Գլխացավն ու իշեմիկ կաթվածի այլ ախտանշաններն ի հայտ են գալիս զարկերակի խցանման հետևանքով: Այս դեպքում անոթներում բարձր ճնշումը գրգռում է ցավի հանդեպ զգայուն անոթները և կարող է առաջանալ նաև սրտխառնոց ու փսխում:

 

Ականջներում զրնգոցը պայմանավորված է լինում լսողական ապարատում տեղի ունեցող իշեմիկ գործընթացներով, իսկ գլխապտույտը՝ անդաստակային (վեստիբուլյար) ապարատում: Տրանզիտորային իշեմիկ գրոհը, ինչպես և կաթվածը, հանգեցնում է ուշագնացության:

 

Ճարպային էմբոլիայի դեպքում կարող են ի հայտ գալ էպիլեպտոիդ նոպաներ ու արտաբրգային (էքստրապիրամիդային) խանգարումներ, իսկ այս ամենը հաճախ ուղեկցվում է բարձ ջերմությամբ:

 

Աթերոսկլերոտիկ գործընթացների հետևանքով երկարատև խցանումը հանգեցնում է մտավոր կարողությունների և հիշողության վատացման: Բացի այդ, հիպօքսիայի հետևանքով նյարդային բջիջները մահանում են, ինչը երբեմն հանգեցնում է կոմայի:

 

Գլխուղեղի անոթների խցանման պատճառները

 

Գլխուղեղի անոթների խցանման հիմնական պատճառներն են նյութափոխանակության խանգարումները, արյան մակարդման գործառույթի խանգարումները, որոշ դեղամիջոցների ընդունումն ու բորբոքային գործընթացները: Նման խանգարման առաջացմանը նպաստում են.

 

·        Թրոմբոֆլեբիտի կամ ջրազրկման դեպքում արյան թանձրացումը,

 

·        Անոթների աուտոիմունային հիվանդությունները,

 

·        գլխուղեղի անոթների աթերոսկլերոզը,

 

·        ստերոիդային հորմոնների կամ հակաբեղմնավորիչ դեղամիջոցների ընդունման հետևանքով թրոմբների առաջացումը,

 

·        հղիությունը,

 

·        գլանային ոսկորների կոտրվածքի դեպքում առաջացող ճարպային էմբոլիան,

 

·        օդային էմբոլիան,

 

·        արյան վարակումը,

 

·        նստակյաց կենսակերպը:

 

Արյան մակարդելիության բարձրացում

 

Հիպերկոագուլյացիայի դեպքում խանգարվում է արյան մակարդելիությունը: Սովորաբար թրոմբներն առաջանում են անոթների վնասվածքների դեպքում՝ օգնելով վերականգնել անոթը, որից հետո ֆերմենտների ազդեցության շնորհիվ դրանք ներծծվում են և չեն խոչընդոտում արյան բնականոն հոսքին, սակայն հիպերկոագուլյացիայի դեպքում բարձր է թրոմբոցիտների ագրեգացիայի և ֆերմենտների ակտիվության նվազման հավանականությունը:

 

Արյան մակարդելիության բարձրացման պատճառ կարող է դառնալ.

 

·        հակաբեղմնավորիչների և գլյուկոկորտիկոիդների ընդունումը,

 

·        հղիությունը,

 

·        օրգանիզմի ջրազրկումը (փորլուծությունից, փսխումից, քրտնարտադրությունից հետո),

 

·        օրգանիզմում խոլեստերինի և հոմոցիստեինի բարձր մակարդակը,

 

·        շարակցական հյուսվածքների ռևմատոիդ հիվանդությունները,

 

·        սթրեսը,

 

·        երկարատև անկողնային ռեժիմը, նստակյաց կենսակերպը:

 

Արյան մակարդելիության բարձրացմանն են նպաստում նաև պրոգեստագեններ ու էստրոգեններ պարունակող դեղամիջոցները, ինչով էլ պայմանավորված է թրոմբների գոյացությունը հղիության ժամանակ:

 

Գլյուկոկորտիկոիդները, որոնք կիրառվում են ալերգիկ հիվանդությունների բուժման համար, նույնպես կարող են դառնալ հիպերկոագուլյացիայի առաջացման պատճառ: Արյան հոսքի դանդաղեցումը կարող է պայմանավորված լինել խոլեստերինի բարձր մակարդակով, ինչն էլ, իր հերթին, կարող է պայմանավորված լինել վիտամինների պակասով, սթրեսի ժամանակ կորտիզոլի բարձր մակարդակով կամ նյութափոխանակության խանգարումներով:

 

Շարակցական հյուսվածքների ռևմատոիդ հիվանդությունները, որոնք նույնպես նպաստում են թրոմբների առաջացմանը, հաճախ առաջանում են վարակների (ինչպես բուժված, այնպես էլ չբուժված) հետևանքով:

 

Թրոմբոֆլեբիտը երակների բորբոքային հիվանդություն է, որը խթանում է արյան մակարդուկների առաջացումը: Այս դեպքում թուլանում է անոթների տոնուսը և դանդաղում է արյան հոսքը:

 

Անոթների խցանմանը նպաստող շատ կարևոր գործոն է նաև սթրեսը: Սթրեսի ժամանակ արտազատվող կորտիզոլը նպաստում է լյարդի կողմից խոլեստերինի սինթեզմանը, ինչն էլ հետագայում առաջացնում է անոթների պատերին խոլեստերինային գնդիկների կուտակումներ: Բացի այդ, ադրենալինը նեղացնում է անոթները, իսկ աթերոսկլերոզի հետ համադրվելու դեպքում զարկերակների ստենոզը հանգեցնում է գլխուղեղում արյան շրջանառության սուր խանգարման:

 

Անոթների խցանումը բուժելու համար հարկավոր է մանրակրկիտ բուժզննում անցնել և առաջին հերթին պարզել խցանման պատճառը, քանի որ այս խնդրից կարելի է ազատվել միայն դրա առաջացմանը նպաստող այլ խնդիրները վերացնելու դեպքում:

 

Հարկ է հիշել, որ անոթների խցանումը լուրջ խանգարում է, որը կարող է հանգեցնել առողջական մի շարք խնդիրների առաջացման՝ այդ թվում նաև հիշողության վատացման, իշեմիկ կաթվածի ու հաշմանդամության: Սա է պատճառը, որ գլխուղեղի անոթների խցանման ախտանշանների առկայության դեպքում բուժզննումը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բուժումը ոչ մի դեպքում չի կարելի հետաձգել:

 

Այս խնդրից խուսափելու համար առաջին հերթին հարկավոր է կարգավորել սննդակարգն ու լինել ֆիզիկապես ակտիվ: Բացի այդ, անհրաժեշտ է նաև ուշադիր լինել առողջական վիճակի հանդեպ, իսկ անոթային քրոնիկ հիվանդությունների առկայության դեպքում պարբերաբար բուժզննում անցնել, լինել նյարդաբանի հսկողության տակ ու հետևել բժշկի բոլոր ցուցումներին:

 

Նյութի աղբյուրը՝ golmozg.ru

Comments (0)
Add Comment