ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, թե որոշել է հարկային դաշտ բերել շոու-բիզնեսը

Վերջերս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, թե որոշել է հարկային դաշտ բերել շոու-բիզնեսը: Ըստ այդմ, այսուհետ հարսանիքներում, ծննդյան և այլ արարողություններում հանդես եկող երգիչ-երգչուհիները, հաղորդավարները պետք է հարկեր մուծեն։

 

Այս հայտարարությունը կարծես թե միանշանակ չի ընդունվել երգիչների կողմից:

«Ես ինձ երբեք շոու-բիզնեսի ներկայացուցիչ չեմ համարել։ Սա իմ մասնագիտությունն է, և ես չեմ պատրաստվում փոխել այն, քանի որ մեծ սեր եմ տածում դրա հանդեպ։ Ինքս աշխատում եմ ակումբում՝ քաղաքացիաիրավական պայմանագրով, և վճարում եմ բոլոր հարկերը։ Ինչ վերաբերում է կորպորատիվ միջոցառումներին մեր մասնակցությանը, ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս են վերահսկելու դաշտը, երբ տարբեր պատվիրատուների հետ տարբեր պայմաններով կարող ես աշխատել, նույնիսկ` անվճար։ Եվ, վերջապես, որևէ մեկը պատկերացում ունի՞, թե որքա՛ն բարձր են մեկ երգի գործիքավորման ծախսերը։ Չէ՞ որ այս հարցերը երգիչները լուծում են սեփական միջոցներով։ Պատկերացրեք՝ տարին մեկ անգամ, եթե հաջողվի երգի տեսահոլովակ նկարել, լավ կլինի, բայց դա ոչ միշտ է հաջողվում։ Ուստի ես դեմ եմ այդ որոշմանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Անժելա Բարխուդարյանը:

Աղբյուրը՝ 168.am

Comments (0)
Add Comment