Ղրիմի «Սիմֆերոպոլ» օդանավակայանը կարող է վերանվանվել նշանավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կամ գրող Ալեքսանդր Գրինի անունով, գրում է «РИА Новости» գործակալությունը:
Նման տարբերակի է առավել հակված Ղրիմի հանրային պալատի նախագահ Գրիգորի Իոֆֆեն:
Հանրային պալատի առաջարկած անունների թվում են նաև կայսրուհի Եկատերինա Երկրորդը, իշխան Գոլիցինը, ադմիրալ Նախիմովը, բժիշկ Պիրոգովը, գրող Չեխովն ու գիտնական Մենդելեևը: Ընդհանուր առմամբ, ներկայացված է 10 անուն:
«Ես կարծում եմ, որ օդանավակայանը կարելի է անվանակոչել Այվազովսկու կամ Գրինի անունով: Դա իմ անձնական կարծիքն է, ես այդպես եմ քվեարկելու: Նրանց ստեղծագործական կյանքն ու ճակատագիրը կապված են Ղրիմի հետ»,- ասել է Իոֆֆեն:
Հայտնի է, որ «Ռուսաստանի մեծագույն անուններ» նախագծի շրջանակում հայտնի հայրենակիցների անուններ կտրվեն երկրի 45 քաղաքների օդանավակայաններին: