Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը յուրատեսակ տոնեց Մակեդոնիայի դարպասը խփած իր գոլը: Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի 4-րդ տուրում Հայաստանը տանը 4:0 հաղթեց մրցակցին: 81-րդ րոպեին Ղազարյանը խփեց թիմի 3-րդ գոլը, որից հետո մոտեցավ այն տրիբունային, որտեղ Արայիկ Խանդոյանի լուսանկարով պաստառն էր, ու հարգանքի տուրք մատուցեց նրա հիշատակին:
Խաղից հետո լրագրողների հետ զրույցում նա խոսեց այդ մասին: Պատասխանեց նաեւ հանդիպմանը վերաբերող այլ հարցերի:
—Յուրատեսակ նշեցիր գոլդ: Մտածվա՞ծ էր:
-Այո՛, սպասում էի այդ պահին, որ, եթե գոլի հեղինակ դառնայի, հարգանքի տուրք մատուցեի Արայիկ Խանդոյանին:
—Ի՞նչ կասես խաղի մասին: Ինչպե՞ս ստացվեց, որ այսպես կերպարանափոխվեցիք:
-Ճիշտն ասած, մի քիչ ջղայնացել էինք, Ջիբրալթարի ֆուտբոլիստները տրամադրություններս շատ էին փչացրել: Հավաքվեցինք, փորձեցինք ցույց տալ, որ մենք կարող ենք ֆուտբոլ խաղալ, որ ինչ-որ տեղ պատահականություն էր, ինչ-որ տեղ էլ՝ ոչ: Համենայնդեպս լավ ստացվեց, հաջող հաղթանակ տարանք:
—Ջիբրալթարի դեմ խաղից հետո ասացիր, որ փորձ ունեցել եք Մալթային պարտվելուց հետոհաղթանակ տանելու: Կանխագուշակեցիր:
-Այո՛, այո՛: Այդպես էլ եղավ, Մալթային պարտվելուց հետո 4:0 հաղթեցինք Դանիային, հիմա էլ 4:0 հաղթեցինք Մակեդոնիային, փորձեցինք ինչ-որ տեղ մեր երկրպագուներին ուրախացնել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել, քանի որ նորից շատ մեծ աջակցություն ունեցանք երկրպագուների կողմից: Դա նաեւ նրանց հաղթանակն էր, որովհետեւ շատ դժվար պահ էր ֆուտբոլիստների համար, եւ նրանք ցույց տվեցին, որ ֆուտբոլիստների կողքին են նույիսկ մեր ծանր պահին:
—Մարկոսի վնասվածքի մասին ի՞նչ է հայտնի (խաղի ընթացքում վնասվածք ստացավ ու փոախրինվեց):
-Որքանով տեղյակ եմ, շատ լուրջ վնասվածք չէ, բայց դեռ հստակեցվում է:
Աղբյուրը՝ armtimes.com