Արթուր Վանեցյան. «Լրատվամիջոց կա, որ իմ մասին մի հոդված գրելու համար 3-4 մլն դրամ գումար է վերցնում, վարկ է փակում»

Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ թեեւ հայտարարել էր, որ լրատվամիջոցների հետ շատ չի շփվելու, բայց դրանից հետո որոշ լրատվամիջոցներ սկսել են ապատեղեկատվություն տարածել: «Անբարեխիղճ լրատվամիջոցներ կան, որ Վանեցյան ազգանունը գրելու համար մեծ գումարներ էին վերցնում, վարկեր են փակել արդեն: Անկեղծ եմ ասում: Իմ մասին մի հոդված գրելու համար 3-4 մլն դրամ գումար են վերցնում: Ես դատի չեմ տալիս, որ չասեն՝ ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներ կան»:

Լրագրողի հարցին՝ ովքեր են պատվեր տվողները եւ կատարողները, Արթուր Վանեցյանն ասաց. «Ես անուններ չեմ տալու»:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ մամուլում շրջանառվող լուրերին, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ուժային կառույցներն աշխատելու են արտակարգ ռեժիմով: Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ ուժային կառույցները միշտ էլ աշխատում են «արտակարգ» ռեժիմով: «Մենք կատարում ենք մեր պարտականությունները օրենքի շրջանակներում: Մենք մեր պարտականությունները կատարելու ենք բարեխիղճ կերպով»,- ասաց նա:

Հարցին՝ հակահեղափոխության կամ սաբոտաժի վտանգ չկա՞, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Գիտեք, վտանգները միշտ կան: Մենք այն տեսակետին ենք, որ պետք չէ թուլանալ: Մենք պարտավոր ենք իրականացնել բոլոր միջոցառումները, որպեսզի Հայաստանի տարածքում բացառենք ցանկացած օրինախախտում, որոնք հատկապես կապված են ձեր նշած դեպքերի հետ»:

Նա հավելեց, որ Սահմանադրությամբ ուժային կառույցները ենթարկվում են վարչապետին, իսկ ԱԱԾ-ի խնդիրներից մեկը սահմանադրական կարգի պահպանումն է: ՀՀ ԱԱԾ տնօրենը հավաստիացրեց, որ իրենք ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին և թույլ չեն տա, որ որևէ ուժի կամ անհատի կողմից թույլ տրվեն խախտումներ, որոնք կհանգեցնեն սահմանադրական կարգի խախտման:

Աղբյուրը՝ armtimes.com

Comments (0)
Add Comment