Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Կառավարության այսօր կայացած նիստից հետո խոսել է ֆուտբոլային մի շարք թեմաների շուրջ և անդրադարձել է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականին:
«Իմ` ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելուց մեկ օր առաջ անսպասելի հրաժարական տվեց Վարդան Մինասյանը: Կիսատ թողել մրցափուլն ու հրաժարական տալը բացասական երևույթ եմ համարում: Ֆուտբոլային մասնագետների նման չեմ հասկանում ֆուտբոլից, բայց ֆեդերացիայի նախագահի գործը հավաքականի խաղերը կազմակերպելը չէ, այլ ֆուտբոլի զարգացմամբ և մասսայականացմամբ զբաղվելը, ենթակառուցվածքների ստեղծումը և այլն:
Ինչ վերաբերում է այսօր կայանալիք Մակեդոնիայի ընտրանու հետ խաղին, տղաներին երեկ խնդրել եմ, որպեսզի հավաքվեն ու լավ ֆուտբոլ ցուցադրեն, եթե կամային հատկանիշներ դրսևորեն, կկարողանան դրական արդյունքի հասնել: Եթե մեկը ցանկանում է, որ մենք հաղթենք, ես ավելի շատ եմ ցանկանում: Ամեն անհաջողությունից հետո գիշերները չեմ կարողանում քնել, շատ ծանր եմ տանում»,- ասել է Վանեցյանը:
Աղբյուրը՝ Panarama Sport.am