Ճապոնիայի Կագոսիմա քաղաքի կենդանաբանական այգում ապրող հազվագյուտ տեսակի սպիտակ վագրը հոշոտել է իրեն խնամող աշխատակցին՝ 40-ամյա Ակիրա Ֆուրուշուին:
Աշխատակցին հայտնաբերել են գործընկերները՝ վագրի ազատավանդակում: Նա անգիտակից վիճակում ընկած է եղել գետնին, տղամարդու վզին խորը վերքեր են եղել:
Շտապ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդուն դուրս են բերել ազատավանդակից ու տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Մինչ այդ վագրին վնասազերծել են, սակայն գիշատչի հետագա ճակատագրի մասին հստակ որոշում դեռ չի կայացվել: