Գրիպի բուժումը սովորաբար այդքան էլ բարդ չէ, եւ ճիշտ մոտեցման դեպքում վիրուսն արագորեն նահանջում է, եւ օրգանիզմը հաղթահարում է այն: Սակայն գրիպի սխալ բուժման դեպքում կարող են բարդություններ առաջանալ, այդ թվում՝ թոքերի բորբոքում: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանի խոսքով, թոքերի սուր բորբոքումը, որն անգամ կարող է մահվան հանգեցնել, առաջանում է հենց գրիպի սխալ բուժումից հետո՝ որպես բարդացում:
Լաբորատոր պայմաններով գրիպի ախտորոշումն ու դրա վիրուսի հայտնաբերումն այնքան էլ պարզ գործընթացներ չեն. դրա համար շատ ժամանակ է հարկավոր, որը սովորաբար չի լինում: Մինչեւ լաբորատորիան հաստատի, որ հիվանդի մոտ հենց գրիպ է, մասնագետի խոսքով, վերջինս կա´մ արդեն առողջացած կլինի, կա´մ էլ նրան արդեն ուշ կլինի բուժել:
Հենց այս պատճառով բժիշկները բուժում նշանակելիս առաջնորդվում են ախտանշաններով: Փորձառու բժշկի համար սովորաբար դժվար չէ գրիպը տարբերել սովորական մրսածությունից, բայց հուսալիության համար կարելի է հիվանդին ուղարկել արյան ընդհանուր անալիզ հանձնելու, որի արդյունքից ելնելով բժիշկը կկարողանա հասկանալ՝ արդյոք հիվանդությունը մանրէածին, թե վիրուսային բնույթ ունի: Այդ տեղեկությունը բուժման ճիշտ մարտավարություն ընտրելու հնարավորություն կընձեռի. օրինակ, եթե հիվանդության պատճառը մանրէներն են, հնարավոր է՝ հիվանդն ստիպված լինի հակաբիոտիկների կուրս ընդունել, մինչդեռ գրիպի դեպքում հակաբիոտիկները հակացուցված են: Չէ՞ որ դրանք ոչ միայն չեն օգնի, այլեւ ավելի շուտ կվնասեն:
Խնդիրն այն է, որ Հայաստանում հիվանդներին սովորաբար չեն ուղարկում արյան ընդհանուր անալիզ հանձնելու՝ դրա փոխարեն նրան «ամեն դեպքում» որեւէ հակաբիոտիկ նշանակելով: Ավելորդ է հիշեցնել՝ ինչպիսի լուրջ խնդիրներ կարող են ծագել նման մոտեցման պատճառով: Հիշեցնենք միայն, որ հակաբիոտիկների չվերահսկվող եւ սխալ ընդունումը դրանց հանդեպ կայունության առաջացման հիմնական պատճառներից մեկն է, իսկ կայունությունը 21-րդ դարի բժշկության լուրջ խնդիր է, եւ եթե այն չլուծվի, պարզագույն վարակները կրկին կսկսեն սպանել մարդկանց, ինչպես դա հակաբիոտիկների գյուտից առաջ էր:
Աղբյուրը ՝ News.am