Օրերս Բելգիայում կայացել է Miss Armenia Europe գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը, որի հաղթող է ճանաչվել 18-ամյա Միլենա Ավետիսյանը՝ Բելգիայից: Գեղեցկության մրցույթը կազմակերպել էին հայտնի հայ երգչուհի KeyOh-ը եւ նրա քույրը՝ Աննա Օհանյանը:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում բելգիահայ երգչուհին ոչ միայն մանրամասներ հաղորդեց համահայկական գեղեցկության մրցույթից, այլեւ տրամադրեց բացառիկ կադրեր մրցույթի եզրափակչից:
KeyOh-ի խոսքով՝ մրցույթը կազմակերպվել էր տարբեր երկրների հայ գեղեցկուհիներին համախմբելու եւ նրանցից գեղեցկության թագուհուն ընտրելու համար:
Հաղթող մասնակիցն ու լավագույն հնգյակում հայտնված եւս երկու աղջիկ հայկական գեղեցկությունը կներկայացնեն միջազգային տարբեր հարթակներում եւ կփայլեն հայտնի ամսագրերի շապիկներին:
«Նախընտրական փուլին ավելի քան 100 աղջիկ էր մասնակցում, բայց 4 ամիս տեւած մրցույթի ընթացքում մենք ընտրեցինք լավագույն 5-ին, որոնք էլ մասնակցեցին սեպտեմբերի 23-ին կայացած եզրափակիչ շոուին: Մրցույթը հոյակապ անցավ եւ արդյունքում մենք հրաշալի հաղթող ունենք: Լավագույն հնգյակից 2 մասնակից էլ կմեկնեն Սինգապուր՝ մասնակցելու Miss Lumoere միջազգային գեղեցկության մրցույթին: Նրանցից մեկը՝ Սյուզաննա Կարապետյանը, կներկայացնի Հայաստանը, իսկ Հասմիկ Սուքիասյանը՝ Նիդերլանդները:
Մեզ համար շատ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ մրցույթի հաղթողը հայտնվելու է այն բոլոր միջազգային ամսագրերի շապիկներին, որոնց համար լուսանկարվել եմ նաեւ ես: Կարծում եմ՝ դա է իմ առաքելությունը՝ իմ հաջողությունը փոխանցել նաեւ Եվրոպայում բնակվող մյուս հայուհիներին»,-նշեց KeyOh-ը՝ վստահություն հայտնելով, որ շուտով Միլենայի հետ կգան Հայաստան եւ Բելգիայում գեղեցկուհի ճանաչված հայուհուն կներկայացնեն նաեւ հայրենիքում: