67 կգ քաշային կարգում հանդես եկող Մալխաս Ամոյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր։ Հունահռոմեական ոճի հայ ըմբիշը 5 հաղթական գոտեմարտ է անցկացրել և հաղթել է ընդհանուր՝ 30։3 հաշվով։ Եզրափակչում Ամոյանը 10։0 հաշվով շանս չի տվել ուզբեկ մարզիկին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ընտրանուն 2 արծաթե մեդալ էին պարգևել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանն ու 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը։ Հրաշալի ելույթներից հետո նրանք եզրափակչում զիջել էին իրանցի ըմբիշների։ Բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն ուներ Հրաչյա Պողոսյանը։ Վերջինս փոքր եզրափակչում ևս պարտվել է։
Այսպիսով՝ հունահռոմեական ոճի հայ ըմբիշները Հայաստան են վերադառնում 1 ոսկե և 2 արծաթե մեդալով։ Ընտրանին Երևան է ժամանելու սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը, ժամը 3։30-ին, Վիենա-Երևան չվերթով։