Այդ պրոբլեմը հասունանում է աննկատելիորեն:
Մեծ մասամբ ծագում է այն երեխաների մոտ, ովքեր մինչև 3 ամսական հասակը տառապել են գազերից կամ մշտապես զայրացած լաց են եղել: Քնել չցանկանալը նույնպես կարելի է համարել երեսառածության նշան: Նախկինում, երբ երեխան տառապում էր գազերից, նրան ման էին ածում ձեռքերի վրա և դա հանգստացնում էր նրան, դա իր հերթին հանգստացնում էր նաև մորը: Բայց երբ երեխան 3-4 ամսական է, մայրը հասկանում է, որ նա լալիս է արդեն ոչ թե ցավերից կամ վախից. Նրա լացը դարձել է զայրացած ու պահանջկոտ: Նա պահանջում է, որ իրեն գրկեն, որովհետև ընտելացել է դրան և կարծում է, թե իր համար սահմանված են նման ծառայություններ:
Այդպիսի երեխան կարող է հետզհետե վարժվել չքնլու մինչև երեկոյան ժամը 9-ը, 10-ը, 11-ը կամ նույնիսկ մինչև կեսգիշեր:Մայր պատմում է, թե երեխայի կոպերը հաճախ փակվում են ու գլուխը հակվում է, բայց հենց որ փորձում է պառկեցնել մահճակալի մեջ, զայրացած ճիչով արթնանում է:
Քնելու պրոբլեմն ուժասպառ է անում թե’ մորը, թե’ երեխային: Ցերեկը երեխան դառնում է ջղային և կարող է նրա ախորժակը վատանալ: Ծնողներին է’լ ավելի ու ավելի են զայրացնում երեխայի սարքած ամենօրյա ներկայացումները, բայց նրանք չգիտեն ինչ անել: Բուժումը շատ հասարակ է. Սահմանված ժամին երեխային պառկեցրեք մահճակալում, քնքուշ ձայնով բարի գիշեր մաղթեք, սենյակից դուրս եկեք և մի վերադարձեք: Առաջին գիշերը 20-30 րոպե երեխաներից շատերը բարկացած ճչում են, այնուհետև տեսնելով, որ ոչինչ տեղի չի ունենում, հանկարծ քնում են: Հաջորդ օրը նրանք արդեն լալիս են միայն 10 րոպե, իսկ երրորդ օրը սովորաբար բոլորովին լաց չեն լինում:
Գթասիրտ ծնողների համար ծանր է լսել երեխայի ճիչը: Նրանք պատկերացնում են ամենավատը, որ գլուխը մնացել է մահճակալի ճաղերի արանքում, որ նա փսխել է, որ մենակ մնալուց սարսափահար է եղել: Ապացույց է` կյանքի առաջին տարում նման պրոբլեմների լուծման արագությունը, ինչպես նաև այն փաստը, որ երեխաներն անմիջապես դառնում են անհամեմատ հանգիստ ու երջանիկ: Բայց շատ կարևոր է զսպել երեխայի սենյակ մտնելու գայթակղությունը, որպեսզի համոզվեք, որ նրա հետ ոչ մի վատ բան չի պատահել և հանգստացնել նրան: Դա շատ ավելի կզայրացնի երեխային, և նա ավելի երկար լաց կլինի: Փորձեք հետևել նրան գաղտնի կերպով, որպեսզի երեխան չնկատի ձեր ներկայությունը:
Եթե վախենում եք, թե փոքրիկի լացը կարթնացնի մյուս երեխաներին, գորգ կամ ծածկոց փռեք նրա սենյակի հատակին և մի ծածկոց էլ կախեք լուսամուտին: Այդ գործվածքները լավ են կլանում ձայնը: