Մոսկվայի պլանետարիումի ՄԵծ դահլիճում հոկտեմբերի 6-ին և 7-ին կկայանա դուդուկի հինգերորդ հոբելյանական միջազգային փառատոնը: Մոսկվայի հայկական թանգարանից տեղեկացնում են, որ առաջին անգամ DUDUKIST նախագիծը կցուցադրի լիագմբեթային մուլտիմեդիական շոու։ Հատուկ դրա համար կազմակերպիչները պատրաստել են բացառիկ ֆիլմ, որը կհեռարձակվի հենց պլանետարիումի գմբեթի վրա:
Նկարահանող խումբը՝ փառատոնի կազմակերպիչ Սուրեն Բաղդասարյանի ղեկավարությամբ, շրջել է ամբողջ Հայաստանում: Հինգ օրվա ընթացքում նրանց հաջողվել է հաղթահարել 2 հազար կիլոմետր: Նկարահանված տեսարանների թվում ֆիլմում կարելի է տեսնել Արարատ լեռը, Տաթևի վանքը, գեղատեսիլ կիրճեր, ծաղկած կակաչներ ու խաղող, որն աճում է ուղղակի քարերի վրա:
Ֆիլմում տեղ կգրավեն նաև Երևանի տեսարժան վայրերը:
«Երևանը անպայմանորեն կլինի մեր ֆիլմում: Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ վեհատեսիլ սարերի ու հնագույն վանքերի կողքին կա նաև անզուգական այդ քաղաքը»,- ասել է Սուրեն Բաղդասարյանը:
Փառատոնի մասնակիցների թվում կլինեն միջազգային մրցույթների դափնեկիր, Բաբելոնի փառատոնի հաղթող Մարտին Ղազարյանը, Երևանի պետական ֆիլհարմոնիայի անսամբլի մենակատար Հարություն Չկոլյանը, «Ակունք» ազգագրական համույթի մենակատար Արմեն Հովհաննիսյանը և Հայաստանի ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գևորգ Դաբաղյանը:
Աղբյուրը Life. Panarama.am