Ուշուի աշխարհի 6-րդ առաջնությունն անցկացվել է Երևանում: Մարզաձևի միջազգային և եվրոպական ֆեդերացիաները չափազանց գոհ են մնացել կազմակերպիչներից: Դրան հաջորդած միջազգային մրցաշարերում հաջողությամբ են հանդես գալիս հայ ուշուիստները:
Հանրապետական ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը, որպես մրցավար, իր հերթին մշտապես բարձր գնահատականի է արժանանում: Հաշվի առնելով այս ամենը՝ Եվրոպայի ֆեդերացիան իր գործկոմի կազմում ընդգրկել է Չոբանյանին, իսկ միջազգային ֆեդերացիան մրցումային օրացույցում գրանցել է երկու տարին մեկ անգամ Հայաստանում կազմակերպել ու անցկացնել Եվրասիայի գավաթի խաղարկությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, անդրանիկ միջոցառման բացման արարողությունը տեղի կունենա վաղը` սեպտեմբերի 11-ին, կմեկնարկի ժամը 19-ին՝ «Միկա» մարզադահլիճում: Սեպտեմբերի 12-16-ն անցկացվող մրցումներին հայտավորված է մարզաձևի ավանդույթներով հարուստ, միայն մրցանակակիր 10 ընտրյալ երկրների հավաքական` Հայաստան, Էստոնիա, Լեհաստան, Իրան, Ղազախստան, Ֆրանսիա, Լիբանան, Հունգարիա, Բանգլադեշ, Ռուսաստան:
Իրենց ունակությունները չորս ոճում կդրսևորեն տարիքային չորս խմբի 326 մարզիկ: «Դինամո» մարզադահլիճում կմրցեն սանդա ուշուի, իսկ «Միկայում»` կատա մրցաձևերի ներկայացուցիչները: Մրցաշարը հաստատել է ՀՀ կառավարությունը:
Աղբյուրը՝ Sport. Panarama.am