Հայաստանի հավաքականը պարտվեց

Ավարտվեց Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի Մակեդոնիա-Հայաստան դիմակայությունը: Դաշտի տերերը հաղթանակ տոնեցին 2:0 հաշվով:

Առաջին խաղակեսում նկատվում էր ակտիվ գործողությունների պակաս երկու թիմերի գործողություններում էլ, սակայն դա Մակեդոնիայի հավաքականին չխանգարեց բացել հաշիվը: Հանդիպման 13-րդ րոպեին Գորան Պանդևն Անդրե Կալիսիրի հետ պայքարի ժամանակ ընկավ մեր տուգանային հրապարակում, և մրցավարը նշանակեց կասկածելի 11 մետրանոց: Այն հստակ իրացրեց Ալիոսկին՝ 1:0:

Բաց թողած գոլից հետո էլ Հայաստանի հավաքականը շարունակեց գործել նույն ոճով: Գրոհները նպատակային չէին, վտանգավոր գործողություններ գրեթե չկային, չկար խաղային ձեռագիր: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:0 հաշվով: Հույս կար, որ Վարդան Մինասյանն իր խոսքը կասի՝ փոփոխությունների տեսքով:

Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականի կազմում խաղադաշտ դուրս եկավ Մարկոսը, ով, անհասկանալի պատճառներով, մեկնարկային կազմում չէր: Մեր ընտրանին բավականին ակտիվ սկսեց խաղակեսը և մոտ էր հաշիվը հավասարեցնելուն, սակայն նպաստավոր դիրքից Տիգրան Բարսեղյանը չկարողացավ գրավել մրցակից թիմի դարպասը:

59-րդ րոպեին Մակեդոնիայի հավաքականը Արամ Բարեղամյանին ստիպեց գնդակը կրկին հանել դարպասից: Գոլն իր ակտիվում գրանցեց Գորան Պանդևը: Մակեդոնական ազգային թիմը, գրեթե ոչնչով խաղադաշտում աչքի չընկնելով, կարողացավ երկու գոլ խփել, իսկ մեր ընտրանին ոչինչ չառաջադրեց մրցակցին:

Իհարկե, կարելի է ենթադրել, որ եթե մեկնարկում չլիներ 11 մետրանոցը, խաղն այլ ընթացք կունենար, սակայն անժխտելի է, որ Հայաստանի հավաքականը ոչինչ չառաջադրեց  իրեն ոչնչով չգերազանցող Մակեդոնիայի հավաքականին: Միակ առավելությունը հաշիվն էր, որը երեք միավոր բերեց հենց մրցակից թիմին:

Մամուլի ասուլիսում Վարդան Մինասյանը նշել էր, որ Ազգերի լիգայի խաղարկությունում ունենալու են 6 փոքր եզրափակիչ, սակայն այս խաղն ավելի շատ հիշեցրեց մարզում՝ երկկողմանի խաղով, քան եզրափակիչ հանդիպում: Մակեդոնիայի ընտրանին այժմ ունի 6 միավոր և խմբի առաջատարն է: Հայաստանի հավաքականի ակտիվում 3 միավոր կա:

Աղբյուրը՝  Sport. Panarama.am
Comments (0)
Add Comment