Կոսմետիկա արտադրող ընկերություններն այսօր դիմահարդարման ամենատարբեր ձեւի, գույնի եւ տեսակի պարագաներ են առաջարկում, սակայն դասական եւ ամենօրյա շպարի որոշ պարագաներ մնում են անփոփոխ: NEWS.am STYLE –ը ներկայացնում է դրանցից ամենանհրաժեշտները, որոնցից իր պայուսակում պետք է ունենա յուրաքանչյուր ժամանակակից աղջիկ:
1. Տոնային քսուք կամ դիմափոշի — Այս երկուսը անփոխարինելի են հանկարծակի հայտնված բշտիկները եւ դեմքի կարմրությունը ծածկելու համար: Միայն թե` միշտ պետք է ընտրել մաշկի գույնից մի տոն մուգ երանգ, որպեսզի դեմքն արհեստականորեն չսպիտակեցվի:
2. Սեւ թարթչաներկ — Երկար ու խիտ թարթիչների մասին գրեթե բոլոր աղջիկներն են երազում, ուստի թարթչաներկը աչքերն ընդգծելու համար անփոխարինելի է:
3. Սեւ մատիտ կամ սյուրմա — Սրանք այն միջոցներն են, որոնք միաժամանակ փոխարինում եւ լրացնում են իրար: Օրինակ` սեւ մատիտը կարելի է քսել կոպերին` սյուրմայի փոխարեն եւ հակառակը: Սակայն ոչ մի դեպքում խորհուրդ չենք տա սյուրման քսել աչքերի ներսի կողմից, ինչպես անում ենք մատիտով:
4. Սպիտակ անփայլ ստվերաներկ — Անկախ նրանից, թե քանի գույնի ստվերաներկ ունես քո շպարի պայուսակում, սպիտակն ուղղակի պարտադիր է: Այն լավագույնս ծառայում է որպես աչքի դիմահարդարման հիմք, որը դու կարող ես լրացնել կամ ծածկել ցանկացած այլ գույնով:
5. Կարմիր շրթներկ — վաղուց անցել են ժամանակները, երբ կարմիր շրթներկ օգտագործող կանանց վատ աչքով էին նայում: Կարմիր շրթներկը անփոխարինելի է հատկապես երեկույթների եւ ժամադրության գնալու համար: Այն երբեք դուրս չի գալիս նորաձեւությունից: