Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը զարմացած է, որ չի ընդգրկվել ՖԻՖԱ-ի վարկածով «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի թեկնածուների եռյակում: Նա անարդար է համարում նաև, որ ցանկում չկա աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի և ոչ մի ֆուտբոլիստ: Եռյակում տեղ են գտել Քրիշտիանու Ռոնալդուն, Լուկա Մոդրիչն ու Մուհամեդ Սալահը:
«Ուրիշ ի՞նչ կարող էի անել: Մենք հաղթել ենք աշխարհի 2018 թ. առաջնությունում, Եվրոպա լիգայի խաղարկությունում, Սուպերգավաթի խաղում: ՖԻՖԱ-ին ուրիշ ի՞նչ է հարկավոր: Տարօրինակ է և անարդար: Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կազմից որևէ ֆուտբոլիստ չի ընգրկվել լավագույնների ցանկում: Դա ճի՞շտ է»,- իր զարմանքն արտահայտել է Գրիզմանը: