Անկա Սարիբեկյան. 15 տարի ռադիոաշխարհում մնալ այդքան էլ հեշտ չէ

Ռադիոհաղորդավարուհի Անկա  Սարիբեկյանը օրեր առաջ տեղեկացրեց, որ «Անկա շոու» հաղորդավարության և լրագրության ստուդիան հայտարարում է ընդունելություն սիրողական և պրոֆեսիոնալ դասընթացների համար։ Public.am-ը զրուցեց վերջինիս հետ՝ պարզելու, թե ինչո՞վ է ստուդիան տարբերվելու դաշտում արդեն գոյություն ունեցողներից, ովքե՞ր կարող են դառնալ դրա սաները և ամենակարևորը՝ ինչո՞ւ ռադիոհաղորդավարուհին որոշեց հաղորդավարության ստուդիա հիմնել:

— Անի, ինչո՞ւ որոշեցիք հաղորդավարության և լրագրության ստուդիա բացել:

Գալիս է մի պահ, որ ցանկանում ես կուտակված լավ ու դրական փորձը փոխանցել այս տարբերակով: Հաճախ ինձ գրում էին, զանգում, հարցնում՝ ինչ անել, ինչպես սկսել, ցանկանում ռադիոհաղորդումներ վարել և նմանատիպ մի շարք հարցեր: Սա մեկ պատճառ: Երկրորդը՝ երբ սկսեցի առաջին քայլերս ռադիոաշխարհում, բացի խանգարողներից հայտնվեցին մարդիկ, ովքեր օգնեցին, կրթեցին, դժվար, բայց ճիշտ ուղով ուղղորդեցին: 15 տարի ռադիոաշխարհում մնալ, ստեղծել և հղկվել այդքան էլ հեշտ չէ: Հիմա ես մեծ ռիսկով, լավ տրամադրությամբ և տրամադրվածությամբ սկսում եմ մի մեծ աշխատանք: Կան բազում գաղափարներ, որոնք պետք է իրագործեմ: Ժամանակին ինձ սովորեցրեցին, ոգեշնչեցին: Եղել են հատուկ մարդկանց կողմից հնչած բառեր, որոնք ինձ համար դարձել են ճակատագրական: Միշտ թաքուն մտածում էի՝ միթե մի օր կգա… Գուցե շատերի համար 15 տարին քիչ կամ շատ է փորձի համար, բայց այս մեծ ռիսկը արել եմ առանց երկմտելու և ուրախ եմ, որ ոլորտում առաջատար, ստեղծագործ մարդիկ քաջալերում են: Անկեղծ՝ չեմ հասցնում պատասխանել գործընկերներիս զանգերին և ուրախ եմ, որ առաջինը արձագանքեցին հենց հաղորդավար ընկերներս, ինչն ուժ տվեց ինձ:

— Ովքե՞ր կարող են դառնալ ձեր սաները և ովքե՞ր են դասավանդելու այդ ստուդիայում:

Նախ ասեմ, որ նպատակս շատ սաներ ունենալը չէ: Ուզում եմ, որ չգան սելֆիի և ժամանակ անցկացնելու, այլ կրթվելու: Ուզում եմ, որ թրենդային դառնա կիրթ, գեղեցիկ խոսքը: Երբեմն հանդիպում եմ երիտասարդների, որ այնքան կոտրատված հայերենով են խոսում, որ զարհուրելի է: Բայց այս ամենի հետ կան կրեատիվ, լավ ու հետաքրքիր գաղափարներով երեխաներ, որոնց պետք է խթանել, որ գնան իրենց երազանքի հետևից և այդ ամենը պետք է մատչելի, հասանելի լինի շատերին: Դժվար ժամանակներ են, երիտասարդները վարձի պատճառով չպետք է զրկվեն իրենց երազանքից: Մեր ստուդիայում ընդունելությունը 12 տարեկանից մինչև 100 տարեկան է: Յուրաքանչյուր տարքիում մարդն ի զորու է հասնել իր նպատակին և երազանքին:

— Թերևս գաղտնիք չէ, որ հաղորդավարության և լրագրության դպրոց-ստուդիաները բավականին շատ են: Ինչո՞վ է առանձնանալու ձեր ստուդիան:

Շատ ուրախ եմ, որ կան ստուդիաներ և դպրոցներ: Լավ է, որ կա հնարավորություն կրթվելու: Հրաշալի է, որ կա ընտրության հնարավորություն: Միայն ուրախ եմ և հաջողություն եմ մաղթում գործընկերներիս: Հաճախ հյուրընկալվել եմ տարբեր ստուդիաներում, հրաշալի տպավորություն ստացած վերադարձել: Բարին եմ մաղթում բոլորին: Իմ առանձնահատկության մասին. յուրաքանչյուրն այնպիսին է, ինչպիսին որ կա: Այս տարբերակում նախընտրում եմ ոչինչ չասել: Ես Անկան եմ: Այսքանը:

Հարցազրույցը վարեց Լուսինե Առաքելյանը

Comments (0)
Add Comment