Հուլիսի 6-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ երեկոն։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան և ջութակահար Կարեն Շահգալդյանը։ Համերգը կղեկավարի մալթացի հանրահայտ դիրիժոր Ալան Չիրքոփը։ Երեկոյի ընթացքում կհնչեն Գագիկ Հովունցի, Ֆելիքս Մենդելսոնի, Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործություններից։
Նշենք, որ դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան հայտնի է նաև գրական շրջանակներում. նրա՝ 2008 թվականին գրած «Մնաս բարով, թախիծ» վերտառությամբ ինքնակենսագրական գիրքը դարձել է համաշխարհային բեսթսելլեր։ Այստեղ նա պատմում է փառքի և հիասթափության, աշխատանքի և նվաստացման, երաժշտության եւ սկանդալային պահերով լի իր կյանքի դժվարին ուղու մասին։
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնին մասնակցելու համար Երեւան կայցելեն ավելի քան 200 զբոսաշրջիկներ տարբեր երկրներից։ Փառատոնի կազմակերպիչները մեծ աշխատանք են կատարել մշակութային եւ նրա մաս կազմող համերգային տուրիզմով հետաքրքրվողներին Հայաստան ներգրավելու ուղղությամբ։ Այդ նպատակով տարբեր երկրների դասական երաժշտության սիրահարների շրջանում ներկայացվել են ինչպես «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, հռչակավոր մենակատարները, համերգային ծրագրերը, այնպես էլ՝ Հայաստանը, մայրաքաղաք Երևանը։