Հայ պատանիները հաղթանակած են վերադարձել «Wonderland-2018» միջազգային մրցույթ-փառատոնից

 

Հայ պատանիները հաղթանակներ են գրանցել Վրաստանում անցկացված Wonderland-2018 միջազգային մրցույթ-փառատոնին: «Վրաստանից՝ սիրով» խորագրի ներքո անցկացված միջազգային իրադարձությանը մասնակցել են խմբեր  Հայաստանից ու մարզերից, ովքեր գրավել են մրցանակային հորիզոնականներ: Նշենք, որ պատանիների մասնակցությունը Բաթումի քաղաքում անցկացված իրադարձությանը հնարավոր է դարձել շնորհիվ «Մինորա» մշակութային կենտրոնի:

«Այս տարի կրկին մեր մասնակիցները փայլեցին Բաթումիի օպերային թատրրոնում անցկացված Wonderland-2018 միջազգային մրցույթ-փառատոնին: Այս մրցույթ-փառատոնը ներառում է արվեստի տարբեր ճյուղեր՝ երգ, պար, նկարչություն, թատրոն, ասմունք և այլն: Մրցույթին մասնակցել է 58 հայ պատանի, և նրանց մեծ մասը գրավել են մրցանակային տեղեր»,-նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան), ով նաև Wonderland-2018 միջազգային մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներից էր:

Նշենք, որ մրցութային ժյուրին բաղկացած էր 9 երկրների ոլորտի առաջատար մասնագետներից, պրոֆեսիոնալներից, ովքեր գնահատել են մասնակիցների կատարողական վարպետությունը, շարժումների տեխնիկան, համարի կոմպոզիցիոն կառուցվածքը, տաղանդը և այլ կարևոր հանգամանքներ:

Ռոլանդ Ռեյի (Աբրահամյան) խոսքով՝ միջազգային մրցույթին մասնակցել են 1500-ից ավելի պատանի արտիստներ 15 երկրներից: Նրա հավաստմամբ՝ Հայաստանն առաջին անգամ չէ մասնակցում այս բացառիկ իրադարձությանը, քանի որ «Մինորա» մշակութային կենտրոնը մրցույթ-փառատոնի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչն է:

Հայ պատանիները ներկայացել են տարբեր ոճերում ու տարիքային խմբերում, հանդես եկել ինքնատիպ ելույթներով, և արդյունքում վերադարձել են հայրենիք հաղթանակներով՝ գրավելով I, II, III տեղերը տարբեր տարիքային խմբերում: Նշենք, որ իրադարձությանը մասնակցել են Ջիվանու աշուղական դպրոցի Արմինե Հունանյանի վոկալի խումբը, Հրազդանի «Արամազդ» թատերախումբը, Նոր Գեղիի «Կանթեղ» երգչախումբը, Ծաղկաձորի արվեստի դպրոցի պարային խումբը, Մարալիկի «Անի» պարային համույթը, Երևանի «Արարատ» պարային համույթը, ինչպես նաև ասմունքող Վանաձորից:

Տեղեկացնենք, որ «Մինորա» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002թ.-ին: Կենտրոնը համագործակցում է հանրապետության մի շարք գեղագիտական կենտրոնների, արվեստի և երաժշտական դպրոցների, երգի և պարային համույթների, ինչպես նաև մի շարք մշակութային կրթօջախների, տարբեր ստեղծագործական խմբերի և անհատների հետ: Կազմակերպում և իրականացնում է տարբեր նախագծեր, համերգներ: «Մինորա»-ն համագործակցում է ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրների հետ, հանդես է գալիս համատեղ նախաձեռնություններով և փառատոներով: Մշակութային կենտրոնը հիմնադրվել է հայ մշակույթը տարածելու, զարգացնելու և շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելու, աջակցելու նպատակով:

Comments (0)
Add Comment